Գիտեի՞ք, որ առավոտյան ընդամենը մեկ բաժակ ջուրը կարող է օգնել օրգանիզմին «արթնանալ» է՛լ ավելի արագ, քանի որ ջուրը նպաստում է կենտրոնացմանը, էներգիայի վերականգնմանը և նույնիսկ ուշադրությանը՝ ոչ միայն դասերի ժամանակ, այլև ողջ օրվա ընթացքում:
Ամբողջ աշխարհում մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց այս օրն է ծնվել անգլիացի Ֆլորենս Նայթինգեյլը, որը համարվում է ժամանակակից բուժքույրության հիմնադիրը:
Եթե բժիշկը որոշում է բուժման ընթացքը, ապա բուժքույրն այն մարդն է, որը հիվանդի կողքին է ամեն օր՝ երբեմն ժամերով ու նույնիսկ գիշերներով։ Նա առաջիններից է, որը լսում է հիվանդի անհանգստությունը, նկատում տրամադրության փոփոխությունը, օգնում է վերականգնման ամենադժվար փուլերում։
Բուժքույրերի դերը կարևորվեց հատկապես վերջին տարիներին՝ համավարակի ընթացքում։ Ամբողջ աշխարհը տեսավ, թե որքան ծանր և պատասխանատու կարող է լինել առողջապահական համակարգում աշխատելը։
Մայիսի 12-ին նշվում է նաև Կանանց մաթեմատիկայի միջազգային օրը։ Օրվա ընտրությունը կապված է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի ծննդյան օրվա հետ։ Նա առաջին կին մաթեմատիկոսն էր, որն արժանացավ մաթեմատիկայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Ֆիլդսի շքանշանին։
Այս օրը ստեղծվել է ոչ միայն գիտական ձեռքբերումները նշելու, այլ նաև գիտության ոլորտում կանանց ներկայության մասին խոսելու համար։ Պատմության ընթացքում մաթեմատիկան երկար ժամանակ համարվել է հիմնականում տղամարդկանց ոլորտ։ Շատ տաղանդավոր կանայք կամ հնարավորություն չեն ունեցել զբաղվելու գիտությամբ, կամ նրանց աշխատանքը երկար ժամանակ չի գնահատվել։
Մեր ժամանակներում սակայն, ամեն ինչ այլ է։ Աշխարհի տարբեր համալսարաններում և գիտական կենտրոններում կանանց մասնակցությունը աճում է ոչ միայն մաթեմատիկայի, այլև ծրագրավորման, ֆիզիկայի ու այլ ճշգրիտ գիտությունների ոլորտներում։ Դե, իսկ մասնագետները շարունակում են խոսել հավասար հնարավորությունների կարևորության մասին։
Եվ վերջում՝ ևս մեկ կարևոր իրադարձություն օրվա տոնացույցից: Մայիսի 12-ին նշվում է նաև Բույսերի առողջության միջազգային օրը։ Այն սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ հիշեցնելու, որ բույսերի առողջությունը անմիջականորեն կապված է մարդկանց առողջության ու կյանքի որակի հետ։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա միայն գյուղատնտեսության կամ բնապահպանության ոլորտին վերաբերող թեմա է։ Սակայն իրականում բույսերի առողջությունը վերաբերում է բոլորին։ Մեր սնունդը, օդի որակը, կենդանական աշխարհը և նույնիսկ տնտեսության որոշ ճյուղեր կախված են բույսերի կայունությունից։
Բույսերի առողջության միջազգային օրվա հիմնական նպատակներից մեկն իրազեկումն է։ Շատ երկրներում այդ օրը կազմակերպվում են կրթական ծրագրեր, ծառատունկեր, գիտական քննարկումներ և բնապահպանական նախաձեռնություններ։
Հայաստանում ևս բույսերի առողջության հարցը կարևոր է թե՛ գյուղատնտեսական շրջանների, թե՛ քաղաքների համար։ Վերջին տարիներին ավելի հաճախ են քննարկվում անտառների պահպանության, կանաչ տարածքների ավելացման և հողի ճիշտ օգտագործման թեմաները:
Մայիսի 12-ը այս թեման նորից ուշադրության կենտրոն բերելու լավ հնարավորություն է, իսկ մենք այն չենք կարող բաց թողնել: Առաջարկում ենք լսել մեր զրույցը բույսերի պաշտպան և միջատաբան Մարգարիտ Տիգրանյանի հետ։ Նա մեզ կպատմի, թե ինչպես է գիտությունը փոխում գյուղատնտեսությունը, և ինչպես կարող ենք հավասարակշռել ավելի բարձր որակի օգտակար բերքն ու ավելի առողջ միջավայր ունենալու գործոնը։





