Հունիսի 11–ը որպես Խաղի միջազգային օր սահմանվել է 2024 թվականի մարտին ՄԱԿ–ի որոշմամբ, այսինքն՝ միջազգային տոնացույցի նոր տոներից է սա, որի նպատակը բոլորին, հատկապես մեծերին հիշեցնելն է այն մասին, թե որքան կարևոր են խաղերը մեր կյանքում, ինչ կարևոր դեր ունեն դրանք երեխաների զարգացումը, առողջությունն ու երջանկությունը ապահովելու գործում և թե որքան լավ կլիներ, որ խաղերը, խաղալիքները, խաղահրապարակները հասանելի լինեին աշխարհի բոլոր երեխաներին։
Այսօր «խաղ» ասելով մենք, իհարկե, միայն բռնոցին ու պահմտոցին, ֆուտբոլն ու վոլեյբոլը, պարան ցատկելն ու գնդակով «Քաղաքներ» խաղը չենք պատկերացնում․ կա նաև խաղերի մեկ այլ տիրույթ՝ համացանցային խաղեր, ինտելեկտուալ խաղեր, զարգացնող խաղեր, և իհարկե, դրանցից ամեն մեկն էլ իր տեղն ունի մեր կյանքում, բայց կար ժամանակ, երբ խաղը մեր տարիքի երեխաների համար հենց բակի խաղն էր․․․
Եվ այդ ժամանակը շատ վաղուց չէր․ մեր տատիկներն ու պապիկները, մեր ծնողները, երբ սկսում են հիշել իրենց բակի խաղերը, թվարկում են դրանք ու նկարագրում, կարելի է նստել ու ժամերով լսել իրենց։ Յոթ քար, հավալա, չլիկ դաստա, աղջիկ փախցնոցի․․․թվարկում են նրանք ու սկսում են պատմել, նկարագրել խաղերը, և այդ պահերին միանգամից կերպարանափոխվում են՝ ասես հենց այն խաղացող երեխան դառնում, որը շատ լավ պարան էր ցատկում, որին ոչ ոք չէր կարողանում բռնել բռնոցիի ժամանակ, որը բակի ամենաաշխույժ երեխան էր․․․
Եվ, իհարկե, շատ լավ է, որ մեր բակերից խաղացող երեխաների ձայնն է գալիս․ չէ՞ որ խաղը մեզ անհոգ ու երջանիկ զգալու մասին է պատմում․․․
1982 թվականի հունիսի 11–ին ԱՄՆ–ում մեծ էկրան բարձրացավ աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմը, որը ռեժիսորն անվանել է իր ամենաանձնական ֆիլմը՝ հիմնված մանկական հիշողությունների վրա։ Սփիլբերգն ի սկզբանե որոշել էր, որ այս ֆիլմում չպետք է լինեն նշանավոր դերասաններ, և այս ֆիլմի համարյա բոլոր դերերը կատարել են մանուկ և պատանի դերասանները։
Գլխավոր դերակատարը 10–ամյա Հենրի Թոմասն էր, որը մարմնավորեց Էլիոթ անունով տղային, որն անտառում պատահաբար գտնում է ընկերների կողմից մոռացված այլմոլորակայինին։ Էլիոթը բոլորից թաքուն տուն է բերում անծանոթ հյուրին և նրան ծանոթացնում ավագ եղբոր և քույրիկի հետ։ Ֆիլմի սյուժեն պատմելու իմաստ չկա․ եթե տեսել եք, արդեն գիտեք, եթե ոչ՝ ուրեմն կարող եք դիտել հենց այսօր։
Ասենք միայն, որ այս ֆիլմը 9 «Օսկարի» էր հավակնում, բայց հաղթեց 4 անվանակարգում՝ երաժշտություն, ձայն, տեսողական էֆեկտներ, ձայնային էֆեկտների մոնտաժ։ Ինչպես ասացինք «Այլմոլորակայինը» ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 1982 թվականի հունիսի 11–ին և ամենամեծ դիտում ունեցող ֆիլմերի շարքում շատ երկար ժամանակ առաջատարն էր։





