Ռադիոլաբ

Ինժեներական ներուժն ու միջազգային ՏՏ կապերը՝ ի շահ բանակի

Արդեն 20-րդ օրն է Արցախի հանրապետությունում պատերազմ է։ Մենք, իհարկե, հպարտանում ենք մեր հաջողություններով, չենք կասկածում որ հաղթելու ենք ու դեռ ավելին ենք իմանալու հայ զինվորի սխրանքների մասին։ Բայց նաև ցավում ենք մեր զոհերի համար ու մտածում վիրավորների շուտափույթ ապաքինման մասին։

Բեկորային ոտրվածքներ ստացած վիրավորներին՝ արագ ոտքի կանգնեցնելու համար հատուկ սարքավորումներ ու հարմարանքներ են անհրաժեշտ։ Եվ այս դեպքում է, որ բժշկին միանում ու զինվորի կողքին են կանգնում հայ ինժեներները։
Այս օրերին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված՝ պետք է հասցնել ու հիվանդանոցներ ուղարկել կոտրվածքները ֆիքսող հատուկ հարմարանքներ։

«Փաստացի պատերազմը սկսելուց 2 օր հետո մեզ մոտ՝ Տեխնոլոգիական կենտրոն մոտեցավ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը՝ Տիգրան Կոպալյան։ Ասեց, որ հիմա բանակում և բժիշկների համար, ովքեր բուժում են զինվորներին, անհրաժեշտ են այսպիսի սարքեր, որոնք օգնում են հատկապես բեկորային կոտրվածք ստացած զինվորներին ավելի արագ բուժել»,- նշում է ՎՏԿ-ի բիզնեսի զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը։

Վանաձորի տեխնոկենտրոնի արձագանքը չուշացավ։ Ինժեներները և աշխատողները պատրաստակամ էին՝ սարքավորումների հնարավորությունները թույլ են տալիս կարճ ժամանակում արտադրել նման սարքեր ու հարմարանքներ։ Մինչև հիմա ՎՏԿ-ն հիվանդանոցին է տրամադրել 7-ից ավել համալիր սարքավորում․ իսկ արտադրական գործընթացը շարունակվում է։ Նախագծային աշխատանքները մի քանի ժամ են տևել։ Ըստ համակարգողի, այդքան էլ չէր տևի, եթե անհրաժեշտ բոլոր նյութերը հասանելի լինեին։

ՎՏԿ-ում ստեղծված դետալներ

«Դրանք մեր կարողությունների սահմանում էին և մենք ամեն ինչ արեցինք , այդ թվում մեր ՁԻՀ երևանյան աշխատակիցները, որպեսզի արագ նյութերը մեզ մատակարարեն և մենք աշխատանքը սկսենք։ Նախագծումն էլ ենք մենք արել մեր անձնակազմը, ճիշտն ասած բարդություն չէր նախագծելը, քանի որ կային օրինակներ, որոշակի փոփոխություններ կային նյութերի հասանելիության տեսակետից»։

Պողպատը, որը, այսպես ասած, հիմքն է, ձեռք են բերում Երևանի շուկաներից։ Անգամ հիմա՝ մեքենայում Երևանից գնված պողպատ կա՝ Վանաձոր հասցնելու նպատակով։ Մեկ սարքավորում ստեղծելու համար թիմին անհրաժեշտ է եղել մոտ 24 ժամ, իսկ առաջին խմբաքանակը ստեղծվել է 7-8 օրվա ընթացքում։

«Իսկ պատրաստելը մեր ինժեներական լաբորատորիայի պատասխանատու Շավարշ Ոսկանյանն է, որը գիշեր ցերեկ, շաբաթ կիրակի աշխատում էր սարքերի պատրաստման վրա»,- նշում է Հախինյանը։

Աշխատանքների հիմնական մասը կատարվում է ֆրեզերային թվածրագրային հաստոցի միջոցով։

ֆրեզերային հաստոցի տեսակ

«Ունիկալ ա տարածաշրջանի համար, էսպիսի հաստոցներ կլինեն նաև ինժեներական քաղաքում , բայց դեռևս կա ՎՏԿ-ում 2 հատ և մենք դրանցով ենք աշխատում։ Թույլ են տալիս ամենակարծր նյութերը մշակել և գերճշգրիտ»։

Ինչպես յուրաքանչյուրս, Վտկ-ում էլ երազում են, որ պատերազմը շուտ ավարտվի , բայց անկախ ամեն ինչից շարունակելու են ինժեներական միտքը ծառայեցնել ի շահ բանակի։ Պատվական Հախինյանը նշում է՝ խաղաքարտեր բացել չի կարող, բայց շատ բան է արվում և արվելու։

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Մինչ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում զբաղված են սարքավորումների նախագծմամբ ու ստեղծմամբ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի երևանյան աշխատակիցները գործի են դնում միջազգային կապերը։ Այստեղ ՁԻՀ մասնագետներն աշխատում են թիրախավորված, սակայն PR-ի խնդիր չունեն , կապի հիմնական միջոցը՝ էլեկտրոնային փոստն է։ Արձագանքն էլ սպասվածից շուտ է տեղ հասնում։

«Ստեղծել ենք շատ մեծ թիմ, որը անվանել ենք պրոպագանդա։ Շատ հարցեր ունեն , գրում են , հարցնում են տվեք մեզ կոնկրետ մեսիջներ, փորձում են գտնել իրենց ընկերներին, որոնք աշխատում են այդ երկրների կառավարությունում, մասնակցում են ցույցներին։Մեր կապերը աշխարհում շատ մեծ են։ Փորձում ենք Արտգործ նախարարությանն աջակցել և պաշտոնական հաղորդագրությունները հասցնել մեր համաշխարհային գործընկերներին, որպեսզի քայլեր իրականացնեն՝ ճանաչելու Արցախը , դատապարտելու Թուրքիայի և Ադրբեջանի դեպի ցեղասպանություն տանող քայլերը»,- նշում է ՁԻՀ պրոյեկտ մենեջեր Ամալյա Եղոյանը

Անգամ գտել ու ցուցակագրել են բոլոր այն միջազգային խոշոր ՏՏ կազմակերպութփյուններին, որոնք մասնաճյուղեր ունեն թշնամի երկրներում։ Առանձնացրել են խոշոր կազմակերպությունների մայր ձեռնարկություններում աշխատող հայ մասնագետներին և նրանց ևս կցել գործին։ Ամալյան նշում է, որ նման մասնաճյուղ -ընկերությունների ցանկը հարևան պետությունում շատ չեն, բայց կան ու դրանց մայր հիմնարկությունների հետ աշխատել, պետք է։

«Եվ այնտեղ ևս հայտնաբերելով մեր հայրենակիցներին , Նոկիա, Մայքրոսոֆթ ընկերություններում իրենց ևս խնդրեցինք, որ մաքսիմալ աշխատեն իրենց ղեկավարության հետ, որպեսզի նվազեցվեն ներդրումները այն պետություն, որն օգտագործում է այդ ամենը զենք զինամթերք գնելու և խաղաղ բնակչությանը սպանելու համար։Մեր գործընկերները աշխարհում կարծես մեկ բռունցք են դարձել և՛ հայեր, և՛ ոչ հայեր։ Փորձում են աջակցել արդարության վերականգմանը»։

Սրա արդյունքները տեսնելու համար, թեև երկար ժամանակ է պետք, բայց, ըստ Ամալյայի, առաջիկայում էլ հնարավոր է որոշակի առաջընթաց։

Ցուցադրել ավելի
Back to top button