
Օրերս Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը 100 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է «Ֆաստեքս» ընկերության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Սարեր» մշակութային ՀԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Մ. Սարյանի տուն-թանգարանի սերտ համագործակցության արդյունքում:
Ֆիլմի ռեժիսորը Ալեն Մանուկյանն է։
Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:
Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:





