Երբ ամիսներ առաջ՝ փետրվարին, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը տեղեկացրեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրի մեկնարկի մասին, ՀՀ մոտ 150 դպրոց արձագանքեց և մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց։ Սմարթ–էկրաններ վաստակելու հեռանկարը ոգևորող էր։
Այս տարվա մրցույթը ստեղծագործելու և բացահայտելու մեծ հնարավորություններ էր տալիս։ Այն ընթանում էր «Իմ աշխարհացույցը․ քարտեզագրելով ․․․» խորագրի ներքո։
«Քարտեզագրելով» բառին հաջորդում էր բազմակետը, և հենց այստեղ էլ թաքնված էր մրցույթի մասնակիցների համար բացվող լայն հնարավորությունը․ բազմակետի փոխարեն յուրաքանչյուր մասնակից թիմ ինքն էր որոշելու քարտեզագրման թեման և ուղղվածությունը։
Մրցույթն անցկացվել է երկու փուլով, և երկրորդ փուլի՝ նախագծային աշխատանքի փուլի արդյունքներով էլ որոշվել են հաղթողները, որոնց անունները հայտնի դարձան հուլիսի 1–ին։
Եվ այսպես՝ 100 հաղթող դպրոց վերազինվում է սմարթ–էկրաններով՝ հենց իր սաների և իր ուսուցիչների աշխատանքի շնորհիվ։
Այսօր «Մեկնարկ» ծրագրի հյուրերը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» նախագծային մրցույթ-ծրագրի համակարգող Նաիրա Երկանյանը և մրցույթի հաղթող թիմերից մեկի՝ Երևանի Ա․ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցի պատմության ուսուցչուհի Լիաննա Նազարյանը, նույն դպրոցի 6–րդցիներ Կամո Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Սամուելլա Հովհաննիսյանն են։






