Լուրեր

Այսօր Երեկույթի համաշխարհային և Բջջային հեռախոսի ծննդյան օրն է

Այսօր «Երեկույթի համաշխարհային օրն» է։ Սա ոչ պաշտոնական տոն է, որի գաղափարը ծնվել է ամերիկացի գրող Վաննա Բոնտայի «Թռիչք» ֆանտաստիկ վեպից․ վեպն ավարտվում է հետադարձ հաշվարկով՝ մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ողջ աշխարհում պետք է մարդկությանը միավորող մեծ երեկույթ սկսվի։ Վեպում ապրիլի 3-ին նշվելիք այդ համամարդկային երեկույթը՝ փարթին, հակադրվում է կռվին ու պատերազմներին։ 

«Թռիչք» վեպը լույս  տեսավ 1995 թվականին, իսկ հաջորդ տարի՝ 1996 թվականի ապրիլի 3-ին արդեն, ԱՄՆ-ում անցկացվեց առաջին Երեկույթի օրը՝ «party day»–ը։ Տարեցտարի տոնն ավելի շատ կողմանակիցներ ձեռք բերեց և միջազգային օրվա կարգավիճակ ստացավ։ Եվ չնայած երեկույթներ մարդիկ միշտ էլ կազմակերպել ու կազմակերպում են, բայց ապրիլի 3-ի խորհուրդը մի քիչ այլ է․ ոչ միայն պարզապես ուրախ ժամանց կազմակերպել, այլև գնահատել պարզ, մարդկային շփումը, սովորել գնահատել ամեն օրը, ուրախանալ ամեն օրվա համար, սիրել մարդկանց, որոնք քո շրջապատում են՝ ծանոթ, թե անծանոթ։

Ապրիլի 3-ը, ինչպես տեղեկացնում է օրացույցը, նաև բջջային հեռախոսի ծննդյան օրն է։ 1973 թվականի ապրիլի 3-ին Motorola ընկերության ինժեներ Մարտին Քուպերը կատարեց բջջային հեռախոսով առաջին զանգն աշխարհում՝ զանգահարելով մրցակից Bell Laboratories ընկերության իրեն ծանոթ աշխատակցին և հայտնելով, որ զանգահարում է անլար՝ բջջային կապով։

Մոտավորապես 1 կգ քաշ, 22 սմ երկարություն, 12 սմ հաստություն, 4 սմ լայնություն, լիցքավորվում է 10 ժամում, մարտկոցն աշխատում է 30 րոպե․․․ սրանք են առաջին բջջային հեռախոսի մասին տվյալները։ Այսօր դրանք ժպիտ են առաջացնում, բայց այն ժամանակ դա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից մի բան էր թվում։

Ցուցադրել ավելի
Back to top button