
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Թիմային հաշվարկում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ շրջանցելով Վրաստանի և Ադրբեջանի թիմերին:
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող են ճանաչվել Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը: 51 կգ քաշային կարգի եզրափակչում Աճեմյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչի հետ և 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, իսկ 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը եզրափակչում ժամանակից շուտ 11:3 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:
Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը և 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:





