Հունիսի 14-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվեց «Բվիկ» կրթական հիմնադրամի հայտարարած ընթերցանության «Մարդուկ–կարդուկ» մրցույթը 7-10 տարեկանների համար։
Եզրափակիչ փուլում մրցում էր 111 երեխա Երևան քաղաքից և Հայաստանի տարբեր մարզերից։ Մրցույթի արդյունքում, իհարկե, ընտրվեցին հաղթողները, բայց, ինչպես մեր հյուրը՝ «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանն է ասում, այսպիսի մրցույթներում հաղթող են բոլոր մասնակիցները, որոնք ընթերցել են մրցույթի համար ընտրված գրքերը, մասնակցել են քննարկումների, սովորել են շատ բան և, ի վերջո, ինչպես և ենթադրում է «Բվիկի» կարգախոսը, բացել են գիրքը և գրքի շնորհիվ նաև իրենց միտքն են բացել։





