
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադան անցկացվել է հունիսի 20-23-ը, մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ։
Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտներից կազմված առավելագույնը 6 հոգանոց մեկ թիմ։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ:
Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։
Հայ դպրոցականներն արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի են արժանացել Քվանտ վարժարանի 12-րդցիներ Հայկ Անտոնյանը և Սաթի Հայրապետյանը, իսկ բրոնզե մեդալի են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը, Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Էրիկա Հարությունյանը և Քվանտ վարժարանի 12-րդ դասարանցի Նարե Պողոսյանը։
Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը։ Օլիմպիադայի առցանց ձևաչափի անցկացման կազմակերպչական հարցերը հոգացել է «Քվանտ» վարժարանը։
Շնորհավորում ենք մեդալակիրներին։

