Զարթուցիչ

Մտածի՛ր մի քանի քայլ առաջ․ շախմատը՝ «ուղեղի» խաղ

Աշխարհի ամենահայտնի շախմատիստներից, հայ-հրեական ծագումով գրոսմաստյեր Գարրի Կասպարովն ասել է․ «Շախմատն օգնում է կենտրոնանալ, բարելավել տրամաբանությունը։ Այն սովորեցնում է խաղալ կանոններով և պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար, ինչպես նաև՝ լուծել խնդիրներ անորոշ միջավայրում»։

Այս անգամ մեր հաղորդումը մտքի սպորտին՝ շախմատին ենք նվիրելու։ Ներկայացնելու ենք ամենահետաքրքիր փաստերն այս խաղի մասին։

  • Պարզվում է, որ անգլերենով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին է։ Այն կոչվում է The Game and Play of Chess․այն տպագրել է անգլիացի Ուիլյամ Քաքսթոնը 1470-ականներին։  
  • Այս խաղում կա մի գեղեցիկ ավանդույթ․ մրցաշարային շախմատում ընդունված է խաղից առաջ միմյանց ձեռք սեղմել։ Դա նման է մարտարվեստում խոնարհմանը, որը փոխադարձ հարգանքի նշան է՝ անկախ արդյունքից։
  • ՖԻԴԵ-ն՝ շախմատի միջազգային ֆեդերացիան, այս տարի դարձավ 101 տարեկան։ Այն ստեղծվել է 1924 թվականին Փարիզում։
  • Շախմատային համակարգիչները ավելի հին են, քան կարծում ենք։ Խորհրդային միությունում առաջին զանգվածային շախմատային համակարգիչը՝ Electronica IM-01-ը, արտադրվել է 1977 թվականին։
  • 2019 թվականի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հուլիսի 20-ը ընտրել է որպես շախմատի միջազգային օր։
  • Թագուհու խաղաքարը մի ժամանակ ամենաթույլ դիրքերում էր շախմատում՝  շարժվում էր միայն մեկ քառակուսիով։ Սակայն 15-րդ դարում՝ Իսպանիայում, այն ստացավ հզոր քայլեր կատարելու հնարավորություն։
  • Իսկ դուք գիտեի՞ք, որ շուրջ 13 տարի շախմատն ունեցել է երկու աշխարհի առաջնություն, որոնք անցկացվել են զուգահեռ։ 1993 թվականին Գարի Կասպարովը և Նայջել Շորթը հրաժարվեցին ՖԻԴԵ-ի համակարգից և կազմակերպեցին առանձին առաջնություն։ Այդ պահից էլ մինչև 2006 թվականը գոյություն ուներ երկու զուգահեռ շախմատի աշխարհի առաջնություն։
  • Շախմատն ունի իր օլիմպիադան։ Առաջին շախմատային օլիմպիադան տեղի է ունեցել 1927 թվականին։ 2024 թվականին կայացած 45-րդ օլիմպիադան սահմանեց մասնակցության ռեկորդ՝ բաց բաժնում 188 թիմ և կանանց բաժնում՝ 169 թիմ։

Անդրադառնանք մի հետաքրքիր թեմայի․ արդյոք շախմատը սպո՞րտ է, թե՞ ոչ։ Միջազգային Օլիմպիական կոմիտեն շախմատը ճանաչել է որպես սպորտ և ՖԻԴԵ-ն ընդունել՝ որպես պաշտոնական ֆեդերացիա։

Բայց շախմատը դեռ Օլիմպիական խաղերի ցանկում չկա։ Ինչո՞ւ։ Դե, ամենապարզ պատասխանը այն է, որ շախմատը ֆիզիկական ուժ չի պահանջում, իսկ Օլիմպիական խաղերը սովորաբար կենտրոնանում են հենց ֆիզիկապես ակտիվ մարզաձևերի վրա։

Իսկ որո՞նք են այն չափանիշները, որով ինչ-որ սպորտ կարող է հայտնվել օլիմպիական խաղերում։

Նախ, սպորտը պետք է տարածում ունենա տարբեր երկրներում և մայրցամաքներում։ Երկրորդ՝ այն պետք է արժեք ավելացնի Օլիմպիական խաղերին՝ միաժամանակ հարգելով արդեն իսկ եղած ավանդույթները։ Իսկ մտավոր խաղերը, որոնք ամբողջովին կախված են տեխնիկայից (օրինակ՝ շախմատը), սովորաբար դուրս են մնում օլիմպիական խաղերից։

Ի դեպ, որոշ մասնագետներ պնդում են, որ շախմատը նույնպես արժանի է Օլիմպիական խաղերի մաս դառնալուն։ Չէ՞ որ շախմատիստները նույնպես մարզվում են, խորամանկ ռազմավարություն են մշակում և մրցում միմյանց հետ՝ ինչպես ֆիզիկապես ակտիվ մարզիկները։ Բայց ըստ Օքսֆորդի բառարանի՝ սպորտը մի բան է, որտեղ կա ֆիզիկական ջանք և հմտություն։ Ու հենց այստեղ էլ՝ շախմատը դուրս է մնում այդ սահմանման շրջանակներից։

Որպես եզրակացություն կարող ենք ասել, որ շախմատը «ուղեղի» խաղ է։ Տաղանդի ուժը երբեմն չափվում է ոչ թե մկաններով, այլ ուղեղով։

Վերջում առաջարկում ենք լսել մեր հարցազրույցը՝ Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ պարոն Սմբատ Լպուտյանի հետ։ Նրա հետ խոսել ենք՝ Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի մասին, ինչպես նաև՝ ինչքանով են պատանիները հետաքրքրված շախմատով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button