Լուրեր

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը

Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը: Փառատոնն այս տարի հյուրընկալելու է շուրջ 70 միջազգային հյուրերի և ներկայացնելու է մոտ 100 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից՝ ընդգրկելով Արևմտյան Ասիան, հայկական սփյուռքի համայնքները, Մերձավոր Արևելքն ու Փոքր Կովկասի շրջանները։  Ծրագրում պահպանվելու են հիմնական բաժինները.
•    միջազգային մրցութային լիամետրաժ ֆիլմեր,
•    տարածաշրջանային մրցութային ծրագիր,
•    «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ազգային մրցույթ,
•    Երևանի շնորհանդեսներ,
•    «Ծուռ ծիրան» ծրագիր,
•    հետահայաց ցուցադրություններ և հարգանքի տուրք մեծ վարպետներին։
Կազմակերպվելու են ոչ միայն մրցութային և թեմատիկ ցուցադրություններ, այլև մի շարք հատուկ միջոցառումներ՝ փառատոնի բացման և փակման արարողություններ, միջազգային հյուրերի ընդունելություններ, վարպետության դասեր, աշխատարաններ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։ 

Փառատոնի կրթական և մասնագիտական բաղադրիչը՝ «GAIFF PRO» հարթակի հիմնական նպատակը, ինչպես միշտ, լինելու է երիտասարդ և փորձառու կինոգործիչների զարգացումը։
2025 թվականը նշանավորվում է նաև «Ոսկե ծիրան»-ի «FIAPF» հավատարմագրում ստանալու վերջնական փուլով։ Այս չափորոշիչներին համապատասխանելը փառատոնը կդարձնի աշխարհի 43 ամենահեղինակավոր կինոփառատոների ընտանիքի անդամ՝ բարձրացնելով Հայաստանի կինոարտադրության նկատմամբ միջազգային հետաքրքրությունը։ 

Փառատոնի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի մշակութային ուղենիշի ամրապնդումը՝ ներկայացնելով նորարարական, ոչ կոմերցիոն ֆիլմեր, խթանելով ստեղծագործական համագործակցությունը և ապահովելով արտահայտման հարթակ այն ֆիլմերի համար, որոնք ընդլայնում են ժամանակակից կինոլեզվի սահմանները։ 

Փառատոնի գլխավոր գործընկերը Երևանի քաղաքապետարանն է: «Ոսկե ծիրան»-ը անցկացվում է նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button