Զարթուցիչ

Ինչու՞ էր վազող մարդը կասկածելի 60-ականներին․ Զարթուցիչ

Երբևէ մտածե՞լ եք, որ անցյալում վազքը կարող էր համարվել տարօրինակ ու արտասովոր երևույթ։1968 թվականին Միացյալ Նահանգների Սենատի անդամ Սթրոմ Թերմոնդին Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքում անսպասելիորեն կանգնեցրել էր ոստիկանությունը։ Իսկ պատճառն այն էր, որ սենատի անդամը… վազում էր։

Այսօր խոսելու ենք վազքից, դրա պատմությունից, իսկ հետո կզրուցենք Արթուր Հարությունյանի հետ, որը մեզ կպատմի իր և վազքի հարաբերությունների մասին։

Պարզվում է, որ 60-ականներին ջոգինգը, որը անգլերենից կարող ենք թարգմանել որպես «ազատ վազք», հիմնականում մարզիկների մենաշնորհն էր։ Մարդիկ սովորաբար վազքով չէին զբաղվում, և եթե մեկը փողոցում ուղղակի վազում էր, դա արդեն կասկածելի էր թվում։

20-րդ դարի երկրորդ կեսին «New York Times»-ը նույնիսկ զվարճալի մի հոդված էր գրել այն «տարօրինակների» մասին, որոնք որոշել էին ազատ ժամանակը տրամադրել վազքին։ Մինչդեռ այսօր վազող մարդկանց կարող ենք տեսնել ամեն քայլափոխի։

1968-ին «Chicago Tribune»-ն էլ պատմում էր ջոգերների մի խիզախ խմբի մասին, որը հայտնվել էր Ամերիկայի փողոցներում։ Նրանցից ոմանք հասցրել էին մի ամբողջ մղոն վազել։ Հոդվածում նշվում էր, որ շատերը նախընտրում էին առավոտյան վազել, քանի որ երեկոյան ոստիկանները առավել կասկածանքով էին վերաբերվում՝ մտածելով, թե իրենց հետ մի բան այն չէ։ Շատերն էլ պարզապես ծիծաղելի էին համարում մեծահասակ մարդկանց վազքը։

Նույն թվականներին «New York Times»-ը պատմում էր Դիկ Կորդիերի մասին, որին ոստիկանները կանգնեցրել էին մայրուղիով վազելու համար։ Ի դեպ, նրան տուգանել էին որպես հետիոտնի, որը «անօրինական» էր, այսպես ասած, օգտագործել մայրուղին։ Իսկ նրա հետ վազող Ռեյ Քրոթերսը ստիպված էր եղել փախչել ոստիկանությունից և բողոքել էր, որ արգելում են «նույնիսկ սեփական տան մոտով վազել»։

Երբ և որտե՞ղ սկսվեց այս տարօրինակ հոբբին

Չնայած վազքը հազարամյակներ շարունակ եղել է մարդկանց ֆիզիկական ակտիվության կարևոր մաս, ջոգինգը՝ որպես ազատ վազք, ի հայտ եկավ 20-րդ դարի կեսերին։ Ասում են՝ այն սկիզբ առավ Նոր Զելանդիայում։

1962 թվականին ամերիկացի մարզիչ Բիլ Բաուերմանը, որը հետագայում դարձավ Nike ապրանքանիշի համահիմնադիրը, այցելեց Նոր Զելանդիա և տեսավ, թե ինչպես են մարդիկ զբաղվում ջոգինգով՝ որպես մարմնամարզության մի մաս։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա սկսեց այս վազքի ձևը պրոպագանդել հայրենիքում։

1966-ին Բիլ Բաուերմանը մի գրքույկ հրատարակեց ջոգինգի մասին, իսկ հետո նաև գիրք՝ “Jogging: A Physical Fitness Program for All Ages” վերնագրով։ Այն նախատեսված էր ոչ միայն մարզիկների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին առողջ ապրելակերպ վարել։

Նա բժիշկների աջակցությամբ գիտականորեն ապացուցեց, որ ջոգինգը օգտակար է սրտի աշխատանքի և ընդհանուր առողջության համար։ Այս ամենը ջոգինգի նկատմամբ մասսայական հետաքրքրություն առաջացրեց։

1970-ականներին ջոգինգը դարձավ իսկական թրենդ՝ շնորհիվ հայտնի վազորդների և Nike-ի նման սպորտային հագուստ արտադրող ընկերությունների։ Թեմայի վերաբերյալ գրքեր էին հրատարակվում, և մարդիկ սկսեցին կրել մարզահագուստներ՝ անգամ սուպերմարկետ գնալիս։ Կարևորն այն է, որ մարդիկ այլևս չէին հետապնդվում ոստիկանության կողմից միայն այն պատճառով, որ քայլելու փոխարեն վազում էին։ Ինչպես 1968-ին մի ջոգեր ասել էր «New York Times»-ին․ «Այսօր մարդիկ մեզ այլևս չեն նայում զարմանքով… Իրականում նույնիսկ չեն էլ նկատում»։ Սա նշանակում է, որ 1970-ականներին վազքը արդեն դարձել էր սովորական։

Հաղորդման մյուս հատվածում զրուցել ենք Արթուր Հարությունյանի հետ, որը թեև մասնագիտությամբ մարզիկ չէ, բայց առավոտյան վազքը նրա առօրյայի շատ կարևոր մասն է։ Արթուրը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է պատանեկության տարիներին սկսել հաճախել պրոֆեսիոնալ վազքի պարապմունքների։ Նա նաև նշեց, որ երբ Մարտակերտում էր, երեկոներն անցկացնում էր ընկերների հետ վազելով։

Եթե մեր հյուրը ձեզ ոգևորեց և ցանկանում եք դուք էլ զբաղվել վազքով, պահպանեք մի քանի պարզ ու կարևոր անվտանգության կանոններ։

  • Նախ հիշեք, որ վազքից առաջ շատ կարևոր է տաքացնել մկանները։ Հետևաբար՝ ձգումներ արեք մինչև վազքը։ Ջուր խմեք վազքից առաջ, ընթացքում և հետո։
  • Վնասվածքներից խուսափելու համար՝ շաբաթական առնվազն երկու օր հանգստացրեք մարմնին։ Այդ օրերին կարող եք, օրինակ, լողով զբաղվել։
  • Փորձեք վազել հարթ և խոտածածկ տարածքներում, ոչ թե ասֆալտի վրա։ Խուսափեք ճանապարհներին վազելուց, հատկապես եթե ունեք ասթմա կամ շնչառական խնդիրներ։
  • Վազեք վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ օդի որակը ավելի լավն է։ Օգտագործեք արևապաշտպան կրեմ՝ SPF պարունակությամբ։
  • Խուսափեք ամռան ամենաշոգ ժամերից։ Վազելիս մի լսեք բարձր երաժշտություն՝ հիշեք, որ պետք է զգոն լինեք։
  • Եթե մութ ժամերին եք վազում, կրեք վառ գույնի հագուստ։ Անպայման տեղեկացրեք ինչ-որ մեկին՝ ուր եք գնում և երբ եք վերադառնալու։
  • Ընտրեք լուսավոր և մարդաշատ վայրեր։ Եթե վնասվեք, անմիջապես կանգնեք, օգնություն խնդրեք և դիմեք բժշկի։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ վազքը կարևոր է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության տեսանկյունից։

Ցուցադրել ավելի
Back to top button