Այսօր ոգեշնչման ու նպատակների մասին հիշելու օր է։ Ինչո՞ւ․․․, որովհետև հուլիսի 15-ին նշվում է Երիտասարդության հմտությունների համաշխարհային օրը։ Սա հիշեցում է բոլորիս, թե ինչ կարևոր է ժամանակակից աշխարհում ունենալ նոր հմտություններ, անընդհատ սովորել ու զարգանալ՝ ցանկացած տարիքում։
Եվ այսպես, օրվա նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածությունը երիտասարդների հմտությունների զարգացման, սոցիալ- տնտեսական պայմանների բարելավման և գործազրկության խնդիրների լուծման գործում ներդրումներ կատարելու կարևորության մասին։ Օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է կայուն զարգացման մեջ՝ երիտասարդության դերի ու կարևորության մասին։
Օրը սահմանելու գաղափարը պատկանում է Շրի Լանկայի ներկայացուցիչներին, ովքեր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հերթական նիստում մտահոգություն հայտնեցին երիտասարդների գործազրկության աճի և մասշտաբների վերաբերյալ։
Երիտասարդության հմտությունների համաշխարհային օրը սահմանվել է ընդգծելու երիտասարդների կարևորությունը ամենատարբեր ոլորտների զարգացման մեջ։ Իսկ ինչո՞ւ հենց հմտությունները․․․
Մեր օրերում սովորել՝ նշանակում է ապրել։ Հմտությունները կարող են բացել այնպիսի դռներ, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ երազել։ Եկեք մտածենք՝ այսօր ի՞նչ հմտություններ են պահանջվում աշխարհում։
Դե, նախ կարևոր է տիրապետել թվային գիտելիքներին ու տեխնոլոգիաներին։ Այսօր, գրեթե, ցանկացած աշխատանք առնչվում է թե՛ տեխնոլոգիաներին ու թե՛ թվային աշխարհին՝ մեդիա, սոցցանցեր և այլ։
Մեր տատիկներն ու պապիկները տարիներ առաջ չէին էլ պատկերացնի, որ համակարգչի և նույնիսկ հեռախոսի օգնությամբ մենք կկարողանանք սովորել, իսկ հետագայում՝ նաև աշխատել։
Հաջորդը՝ ստեղծագործելու, փոփոխվող աշխարհին հեշտ հարմարվելու և մեր գիտելիքը, ժամանակը, ուժը և այլ ռեսուրսները ճիշտ վերահսկելու հմտությունն է։ Այստեղ մեզ կօգնեն ոչ միայն դպրոցն ու տարբեր ճամբարները, այլ նաև՝ գրականությունն ու համացանցում հայտնված կրթական հոդվածներն ու բլոգները։ Կգտնեք շա՜տ օգտակար տեխնիկաներ, կծանոթանաք նոր հմտությունների ու ձեռք կբերեք այնպիսի գիտելիքներ, որոնք պետք կգան թե՛ ընտանիքում, թե՛ ընկերների շրջանում ու թե՛ դպրոցում։
Որքան էլ տեխնոլոգիաները զարգացում ապրեն, ինչպես ստեղծագործելու հմտությունն է, այնպես էլ՝ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները հավակնում են միշտ լինել արդիական ու պահանջված։
Եվ վերջում՝ սոցիալական հմտություններ, որոնք մեր օրերում արդեն իսկ որոշակի վտանգի տակ են։ ինչո՞ւ․․․, որովհետև միմյանց հետ շփվելու փոխարեն՝ մենք նախընտրում ենք ուղարկել նամակներ կամ պարզապես ժամերն անկացնում ենք սոցցանցերում՝ կորցնելով իրականության հետ զգացումը։
Սոցիալական հմտությունները՝ բարեկամական, գործընկերային և գործարար հարաբերություններն են։ Օրինակ՝ գիտեի՞ք, որ ընդունված է նոր շփումն ու ծանոթությունը համարել հաջողված, եթե հասցնում եք կարճ զրույցի ընթացքում պարզել զրուցակցի անունը։ Հետաքրքրե՞ց, եթե այո, ապա շատ ավելի գործնական ու օգտակար մեթոդներ կարող եք գտնել՝ կրկին համացանցում։ Տեսնո՞ւմ եք, որ այն միայն խաղերի ու սոցցանցերում հոլովակներ դիտելու համար չէ։
Այսօր մենք կարող ենք սովորել ծրագրավորում, լեզուներ, հաղորդակցություն, դիզայն, ֆինանսական գրագիտություն կամ նույնիսկ՝ կարող ենք բլոգ վարել, եթե ունեք ասելիք, որը կարող ենք փոխանցել, կամ արժեք, որը ձևավորել։ Ի դեպ, հմտություն կարելի է անվանել նաև էմոցիաները և հույզերը կառավարելը, հստակ նպատակներ դնելը, կամ պարզապես՝ անդընհատ նորը սովորելը։
Ինչպես ասում է աշխարհահռչակ պատմաբան և մտածող, դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը՝ Յուվալ Նոյ Հարարին, «21-րդ դարում հաջողակ լինելու գաղտնիքը՝ սովորելու կարողությունն է։ Հետևաբար, ամենակարևոր հմտությունը՝ սովորելու հմտությունն է»։
Եկեք մի պահ մտածենք, գուցե մենք վաղուց ուզում ենք կամ որոշել ենք սովորել նոր լեզու, փորձել մի նոր բան, որ միշտ ցանկացել ենք, բայց վախեցել կամ խուսափել ենք։ Այսօրը կարող է լինել մեր առաջին քայլը՝ դեպի նոր սկիզբ։ Կարևոր չէ, թե ինչ գիտելիք ունենք և որ կետից ենք սկսում։ Կարևոր է, որ ուղղակի սկսում ենք։
Ժամանակն է լսելու ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանին, որը մեզ կպատմի ֆինանսական մի քանի գործիքների մասին և որոնք մեզ պետք կգան ցանկացած պարագայում։





