Ամառային արձակուրդն ընթացքի մեջ է․ հանգստանալու հրաշալի ժամանակ է բոլոր դպրոցականների համար։ Բայց կա դպրոցականների մի խումբ էլ, որի համար ամառային արձակուրդը գիտելիքներն ամրապնդելու և միջազգային հարթակներում դրանք դրսևորելու ժամանակ է։ Խոսքն այն պատանիների մասին է, որոնք ամառային այս օրերին մասնակցում են միջազգային տարբեր օլիմպիադաների, իսկ այդ մասնակցությունը, իհարկե, անհոգ ու անգործ ամառ չի ենթադրում։
Այսօրվա մեր հյուրերը հենց այդ խմբի մեջ են։ Ծանոթացե՛ք․ «Քվանտ» վարժարանի սաներ Հայկ Անտոնյան, Սաթի Հայրապետյան, Նարե Պողոսյան և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Սամվել Խաչատրյան։ Մոտ երեք շաբաթ առաջ նրանք մասնակցեցին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով անցկացված աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադային և մեդալներ նվաճեցին։
«Աշխարհագրությունն ինձ համար գիտություն է ամեն ինչի մասին, որն ուսումնասիրում է երևույթների միջև կապերը, և դրա համար շատ հետաքրքիր է»,– Սամվելի արտահայտած այս միտքն ընդունենք որպես ելման կետ և սկսենք մեր զրույցը աշխարհագրության, օլիմպիադաների և մասնագիտության ընտրության մասին ընդհանրապես․․․





