
Հուլիսի 17-ը Էմոջիի համաշխարհային օրն է։ Այն նույն էմոջիների մասին է խոսքը, որոնք անընդհատ օգտագործում ենք մեր էլեկտրոնային նամակագրության մեջ՝ այդ պահի մեր հույզերը, զգացողությունները, խոսքի նրբերանգները փոխանցելու համար։
Էմոջիների կամ էմոձիների լեզուն, որը գրաֆիկական լեզու է, հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում։
Համարվում է, որ էմոջիի ստեղծողը ճապոնական հաղորդակցական ընկերություններից մեկի աշխատակից Շիգետակա Կուրիտան է։ Նա 1990–ականների սկզբին մշակեց էմոջիների համակարգը փեյջերների համար, իսկ հետո դրանք տեղափոխվեցին նաև բջջային հեռախոսների և համակարգիչների աշխարհ։
Գիտեի՞ք, որ գոյություն ունի անգամ Էմոջիպեդիա՝ առցանց հանրագիտարան, որը բացատրում է էմոջիների նշանակությունները։ Իսկ այդպիսի բացատրության կարիք կա, որովհետև, էմոջիների քանակը տարեցտարի ավելանում է, հետևաբար՝ ինչ-ինչ նրբերանգներ պետք է բացատրել։ Ի դեպ, սկզբնավորման ժամանակ կար ընդամենը 170 էմոջի, իսկ այսօր արդեն՝ 2000–ից ավելի։

