Միրգ, որը ոչ միայն հյութալի է, այլ նաև ունի առողջարար հատկություններ ու հետաքրքիր պատմություն։
Այսօր հուլիսի 22-ն է, և օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր Մանգոյի ազգային օրն է։ Թեև օրը ոչ պաշտոնական է, բայց ամբողջ աշխարհում մարդիկ սիրով են նշում այս համեղ ու արևային մրգի օրը։
Թեև հայտնի է, որ մրգերի արքան արքայախնձորն է, բայց, պարզվում է, որ այն մրցակից ունի՝ մանգոն: Այս միրգը ևս համարվում է մրգերի արքա և ունի ավելի քան 4000 տարվա պատմություն։ Շատ երկրներում մանգոն խորհրդանշական միրգ է, քանի որ համարվում է սիրո, բարեկամության ու բարիք բերող պտուղ։ Երբեմն մանգոյի տերևները կախում են տան մուտքի առջև, որ այն հաջողություն ու բարեկեցություն բերի։
Բացի մշակութային նշանակությունից, մանգոն ունի նաև օգտակար հատկություններ․ հարուստ է վիտամին A-ով, որը լավացնում է տեսողությունը, և վիտամին C-ով, որը բարձրացնում է իմունիտետը։ Մանգոն նաև պայքարում է բջիջների ծերացման դեմ։
Եթե դեռ առիթ չեք ունեցել մանգո համտեսելու, ուրեմն՝ այսօր հենց այդ օրն է։ Կարող եք փորձել մանգոյի սմուզի, չորացրած մանգո կամ մանգոյի աղցան։ Հիմա ձեզ կներկայացնենք մի 2 պարզ բաղադրատոմս. տեսեք, թե այս անուշահամ ու օգտակար մրգից ի՞նչ կարելի է ստանալ։ Եկեք ամառային առօրյան լցնենք է՛լ ավելի շատ վիտամիններով։
Եվ այսպես, 2 պարզ, բայց տրամադրություն բարձրացնող բաղադրատոմս`
Սկզբում պատրաստենք սմուզի, որի համար անհրաժեշտ է մեկական մանգո և բանան, մի քանի կտոր սառույց և ցանկության դեպքում՝ նարնջի հյութ և մեղր։ Պատրաստման եղանակը պարզ է։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում այքնան, մինչև ստանաք հարթ ու միասեռ խառնուրդ։ Կարող եք մի քանի րոպե պահել սառնարանում, որից հետո վայելել առողջարար ու վիտամինային մանգոյի սմուզին։
Հերթը մանգոյի աղցանինն է։ Մեզ անհրաժեշտ է 1 մանգո՝ կտրտած խորանարդիկներով, 1 վարունգ, բարակ շերտերով կտրատած սոխ, մի քանի տերև մաղադանոս, կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և կարմիր ու սև պղպեղ, ինչպես նաև՝ ցանկության դեպքում, մի քիչ զեյթունի բուսայուղ։ Այս բաղադրատոմսի պատրաստման եղանակը ևս պարզ է։ Կտրատած բոլոր բաղադրիչները խառնեք, համեմեք և մի քանի րոպե սառանարանում պահելուց հետո՝ մատուցեք։
Վերջ, այսօր ձեր տան շեֆ-խոհարարը դուք եք։





