Ամառն իր տարբեր արահետներն է բացել բոլորիս համար, և մենք՝ Ռադիո Արևիկի պատանի լրագրողներս էլ, բոլորիդ պես վազվզում ենք այդ արահետներով: Մեկիս ընտրած ամառային կածանն արկածներով լի է, մյուսին ճանապարհը հասցրել է ուրիշ երկիր կամ Հայաստանի ուրիշ անկյուն, մեկս գրքերի ու ֆիլմերի աշխարհում է ճամփորդում, մեկ ուրիշն իր հոբբիների աշխարհում է, և ամառային այս վազվզոցի մեջ միշտ չէ, որ կարողանում ենք միաժամանակ հավաքվել այստեղ՝ մեր սիրելի ստուդիայում։
Եվ քանի որ այսօր, չգիտես ոնց, կարողացել ենք հավաքվել չորսով այստեղ, որոշեցինք, որ մեր հանդիպումը պետք է սկսենք այս հարցով՝ ո՞նց անցան ամառվա երկու ամիսները մեզ համար, ի՞նչ ուրախ ու անսովոր օրեր նվիրեց ամառը մեզ այս ընթացքում, ի՞նչ արեցինք, ու՞ր գնացինք, ի՞նչ տեսանք․․․
Մենք այստեղ զրուցում ենք, իսկ պատուհանից այն կողմ արևն ու ամառն աչքով են անում․ «Դեռ մի ամբողջ օգոստոս կա առջևում,–ասում են,– ու դեռ ինչքա՜ն արկած կա պահած ձեզ համար․ կարևորը՝ պարապ–սարապ մի՛ նստեք տանը, գնացե՛ք արկածներ որոնելու»։





