Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես կընթանար մեր օրն առանց լուսացույցների։ Այս պարզ թվացող սարքերը, որոնք լուռ կանգած են մեր քաղաքի խաչմերուկներում, իրականում, քաղաքային կյանքի «կանոնակարգողներն» են։
Եվ այսօր՝ օգոստոսի 5-ին,պատկերացրեք․․․նշվում է Լուսացույցների միջազգային օրը։ Օր, որը եկել է հիշեցնելու, թե որքան կարևոր է ճանապարհային երթևեկության կարգավորումը:
Այս թեման ուսումնասիրելիս պարզեցինք, որ առաջին լուսացույցը տեղադրվել է Լոնդոնում՝ 1868 թվականին։ Այն աշխատում էր գազով և ուներ ընդամենը երկու լույս՝ կարմիր և կանաչ։ Սակայն մեկ ամիս անց այն պայթեց՝ վնասելով լուսացույցը ձեռքով ղեկավարող ոստիկանին։ Դրանից հետո լուսացույցը մոռացության է մատնվել գրեթե 50 տարի՝ մինչև 1910 թվականը, որից 4 տարի անց՝ 1914 թվականին, Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում հայտնվեց առաջին էլեկտրական լուսացույցը։
Հիմա հավանաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց երեք գույն՝ կարմիր, դեղին և կանաչ։
Գույների ընտրությունը, իհարկե, պատահական չէ։ Դրանք գալիս են երկաթուղային ազդանշանների համակարգից։ Կարմիրը միշտ վտանգի նշան է եղել։ Դեղինը՝ զգուշության, իսկ կանաչը՝ շարժվելու։ Այդ սկզբունքը մինչև այսօր էլ պահպանվում է։
Լուսացույցները ոչ միայն մեքենաների համար են, այլև՝ հետիոտների, հեծանվային երթևեկության և անգամ տրամվայների համար։ Լինում է նաև հաշմանդամների համար հարմարեցված լուսացույց՝ ձայնային ազդանշանով։ Մի հետաքրքիր փաստ․ Ճապոնիայում լուսացույցի «կանաչը» շատ տեղերում իրականում կապույտ է՝ լեզվաբանական առանձնահատկության պատճառով։
Ինչպես տեսնում ենք, ժամանակակից լուսացույցները տարբերվում են իրենց նախնիներից: Այժմ մենք կարող ենք տեսնել անիմացիոն փոքրիկ շարժվող մարդկանց, լուսացույցների վրա մեկնարկող հետհաշվարկը, կարող ենք լսել ազդանշանը, որը զգուշացնում է հետիոտներին լուսացույցի գույնի փոփոխության մասին։
Այսօր արդեն կան քաղաքներ, որտեղ երթևեկության կարգավորման համար տրվում են խելացի լուծումներ։ Վառ օրինակը թվային լուսացույցներն են, որոնք աշխատում են արհեստական բանականության հիման վրա՝ ավտոմատ կերպով կառավարելով երթևեկությունը։ Այդ լուսացույցները հիմնվում են երթևեկության տվյալների վրա, որպեսզի իջեցնեն գերծանրաբեռնված երթևեկությունը։
Հիշենք, որ լուսացույցները ոչ թե մեզ տուգանելու, այլ մեր անվտանգությունն ապահովելու համար են։ Երբ տեսնում ենք կարմիր լույսը, պետք է հիշենք, որ A կետից B կետ ապահով հասնելն ավելի կարևոր է, քան շտապելն ու խնդիրներ ունենալը, որոնք, ի դեպ, կարող են շատ վտանգավոր լինել։
Երբ տեսնում ենք վառվում է դեղին լույսը, ապա նշանակում է, որ ժամանակն է դանդաղել։ Եվ վերջում՝ կանաչ լույսը, որը հավանաբար բոլորիս սիրելին է։ Այն տեղեկացնում է, որ ամեն ինչ կարգին է ու թույլ է տալիս շարունակել ճանապարհը։
Այսքանը՝ Լուսացույցի միջազգային օրվա մասին: Հիմա ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին: Զարթուցիչի տաղավարում է «Նուռ ռեյսինգ» ակադեմիայի հիմնադիր Գուրգեն Ծովյանը:





