Զարթուցիչ

«Բացահայտենք թանգարաններն ամռանը». Զարթուցիչ

Ի՞նչ անել ամառվա այս օրերին: Առաջարկում ենք ծանոթանալ թանգարաններից մի քանիսում այս պահին գործող ժամանակավոր ցուցահանդեսների ցանկին, որը կազմել է ԿԳՄՍ նախարարությունը՝ «Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր» խորագրով: Ընտրեք այն, ինչը ձեզ հետաքրքիր կթվա և գնացեք թանգարան։

Անպայման արժե տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում ներկայացվող Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցը և դրա վերականգնման պատմությունը։ 

Փարաջանովը հնություններ շատ էր սիրում․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային տարբեր իրերը նա հավաքում, վերափոխում, վերածում էր արվեստի գործերի և դարձնում իր կախարդական ու հրաշքներով լի աշխարհի կենդանի դերակատարներ։ Իր կյանքի և ստեղծագործության խորհրդանշական «հերոսներից» մեկն էլ հովանոցն էր, որի հետ կապված՝ արվեստագետն այսպիսի գրառում ունի. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Արվեստագետի թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից Ազգային պատկերասրահի վերականգնման բաժին է հանձնվել 2022 թվականին խիստ անմխիթար վիճակում։ Փուլային բարդ վերականգնումից հետո այն ներկայացվում է այցելուին։ 

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։ Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը և դրա զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան։

Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։ 

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը:

«Բացահայտենք թանգարաններն ամռանը» ազդագիրն այլ ուշագրավ ցուցահանդեսներ էլ է առաջարկում․ կարող եք ընտրել այն, ինչը ձեզ է հետաքրքրում, և գնալ տեսնելու դրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button