Հայաստանում արշավ գնացողների թիվը տարեցտարի ավելանում է։ Մեր երկրի գեղեցիկ բնությունը արշավականին առաջարկում է այն ամենը, ինչ պետք է՝ լավ արշավ կազմակերպելու համար։
Այսօր կանդրադառնանք լեռնագնացությանը՝ ներկայացնելով ամենահետաքրքիր փաստերը այս սպորտի մասին։ Զարթուցիչում այսօր նաև հյուր ունենք։ Արշավներով զբաղվող Մարիամ Շահինյանը մեզ կպատմի, թե ինչպես սկսեց արշավել և ինչ խորհուրդներ ունի սկսնակ արշավականների համար։
Բայց մինչ այդ, խոսենք լեռնագնացությունից։
Ճանապարհները կարող են լինել ոլորապտույտ ու վտանգավոր, եղանակը՝ դաժան, սակայն, երբ կա նպատակ՝ հասնելու լեռան գագաթին, նույնիսկ դժվարությունները մեզ չեն կարող խանգարել։ Բայց ի՞նչ է լեռնագնացությունը։ Այն բացօթյա ակտիվ գործողությունների համակցություն է, որի վերջնանպատակը լեռը հաղթահարելն է։
Լեռնագնացությունը սովորաբար երկար ընթացք է ունենում։ Այն պահանջում է ֆիզիկական կոփվածություն, տոկունություն ու պատրաստվածություն՝ դիմակայելու դաժան եղանակին ու դժվարին տեղանքներին։ Սա ավելի շատ հոգեվիճակ փոխող ու ոգեշնչող հոբբի է։ Հատուկ սարքավորումների՝ օրինակ լեռնային կոշիկների ու ամուր տաբատների առկայությունը պարտադիր է այս սպորտաձևի համար։
Լեռնագնացության պատմությունն սկսվում է 1786 թվականից, երբ Ժակ Բալման և Միշել Պակարը առաջին անգամ բարձրացան Մոնբլան լեռը։ Նրանք կրում էին ծանր բրդյա վերարկուներ և բարձր կաշվե կոշիկներ։ Այսինքն՝ հակառակը այն հագուստների, որոնք այսօր կկրեն լեռնագնացները։ Նրանց միակ սարքավորումն էլ երկաթե ծայրով փայտյա ձողն էր։
18-րդ դարում շատ փիլիսոփաներ ու գիտնականներ սկսեցին ուսումնասիրել Ալպյան լեռները։ Ժամանակի ընթացքում լեռնագնացությունը բաժանվեց տարբեր ուղղությունների՝ պահանջվող հմտությունների ու պատրաստվածության մակարդակի հիման վրա։ Սարքավորումներն էլ զարգացան՝ լեռներ բարձրանալը դարձնելով ավելի հեշտ ու հասանելի։
Չնայած նրան, որ լեռնագնացությունը այժմ ժամանակակից հոբբի է և շատ տարածված, բայց ամենասկզբում լեռնագնացների նպատակը եղել է գիտական ուսումնասիրությունն ու աշխարհագրական հայտնագործությունը։ Խոսենք նաև լեռնագնացության տեխնիկաներից։ Սրանք այն մեթոդներն են, որոնցով լեռնագնացը շարժվում է բարդ տեղանքով և հասնում վերջնանպատակին, այսինքն՝ գագաթ։
Գոյություն ունի երկու հիմնական մեթոդ՝ ազատ մագլցում և տեխնիկական մագլցում։
- Ազատ մագլցման ժամանակ լեռնագնացն օգտագործում է միայն իր ֆիզիկական ուժն ու բնական միջավայրը՝ ընկնելուց խուսափելու համար։ Նրանք հիմնականում օգտագործում են միայն պարաններ կամ անվտանգությունն ապահովող այլ սարքեր։
- Իսկ տեխնիկական մագլցումը որպես աջակցություն ներառում է արհեստական միջամտություններ՝ ինչպես օրինակ՝ մեխեր և այլ ամրացնող մեթոդներ։
Նշենք, որ միասնական խմբով բարձրանալը հեշտացնում է գործընթացը, իսկ միայնակ լեռնագնացությունը ավելի դժվար է։ Լեռնային քայլարշավների և ժայռամագլցման համար անհրաժեշտ են հատուկ հմտություններ, հատկապես այն ժամանակ, երբ տեղանքում ձյուն և սառույց կա։ Իսկ ի՞նչ դրական կողմեր ունի լեռնագնացությունը։ Պարզ է, որ լեռնագնացությունը բարելավում է մեր ֆիզիկական կոփվածությունը, սակայն ասում են նաև, որ այն օգնում է հոգեկան առողջությանը։
Բացի սա, այն սոցիալիզացվելու և շփվելու լավ միջոց է։ Չնայած լեռներ բարձրանալու ճանապարհները վտանգավոր են և դժվար, բայց հաճախ հենց դրանք են օգնում՝ նոր և լավ ընկերներ ձեռք բերելու հարցում։
Հաջորդ դրական կետը՝ ավելի նպատակասլաց դառնալն է։ Երբ կա նպատակ ու դրան հասնելու համար ծախսում ես երկար ժամանակ, այն քեզ դարձնում է ավելի նպատակասլաց։
Այս դրական կետերը կարող ենք շարունակել շատ երկար, բայց առաջարկում ենք լսել մեր զրույցը Մարիամ Շահինյանի հետ։ Նրա հետ կխոսենք ինչպես սկսեց արշավել և ինչ խորհուրդներ ունի սկսնակ արշավականների համար։





