Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջեք Դեմփսին մի առիթով ասել է՝ «չեմպիոնը նա է, որը ոտքի է կանգնում նույնիսկ այն ժամանակ, երբ, պարզապես, ի վիճակի չէ»։
Այսօր միասին ծանոթանալու ենք քիքբոքսինգին ու դրա ստեղծման պատմությանը։ Հայտնի բռնցքամարտիկ Ջեք Դեմփսիից մեջբերումը պատահական չարեցինք․ եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որտեղ մարզիկը հեշտ է հանձնվում։ Դժվար է պատկերացնելը․․․չէ՞․․․ Իսկ քիքբոքսինգում հատկապես դժվար է, քանի որ մարզիկը պետք է անի ամեն ինչ՝ նորից ոտքի կանգնելու և մարտը շարունակելու համար։
Այսօր նաև հյուր ենք ունենալու։ Արտակ Բալայանը, որը ինչպես քիքբոքսինգի մարզիկ է, այնպես էլ մարզիչ, մեզ կպատմի, թե ինչու՞ պետք է զբաղվել այս մարտարվեստով, կամ ինչպե՞ս հասկանալ, որ հենց քիքբոքսինգն է այն մարզաձևը, որով կնախընտրեինք զբաղվել։ Այլ հարցերի էլ կանդրադառնանք, օրինակ՝ ո՞ր տարիքից է պետք սկսել պարապել։
Բայց մինչ նրա հետ զրուցելը ձեզ կներկայացնենք հետաքրքիր փաստեր քիքբոքսինգի պատմությունից։ Նախ եկեք պատասխանենք մի պարզ հարցի՝ ի՞նչ է քիքբոքսինգը։
Այն մարտարվեստ է, որը համադրում է ձեռքով և ոտքով հարվածելու տարբեր եղանակները։ Ստեղծվել է կարատեի, արևմտյան բռնցքամարտի և թաիլանդական մուայ թայի հիման վրա։
Քիքբոքսինգը ծնվել է Ճապոնիայում՝ 1960-ականներին, իսկ արդեն 70-ականներին այն տարածում է գտել նաև Ամերիկայում։ Եվ հենց այստեղ՝ Միացյալ նահանգներում էլ առաջին անգամ անցկացվել է Քիքբոքսինգի Աշխարհի առաջին առաջնությունը՝ 1974 թվականին։
Իսկ ու՞մ շնորհիվ այսօր աշխարհում ունենք այս մարտարվեստը։
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ճապոնացի մարզիչ Օսամու Նոգուչին ծանոթացավ մուայ թային։ Նա ուզում էր ստեղծել մի այնպիսի մարտարվեստ, որը կունենար կարատեի ոգին, բայց նաև թույլ կտար ամբողջ ուժով հարվածներ կատարել։ Ուսումնասիրելով մուայ թայը՝ Նոգուչին այն համադրեց կարատեի և բռնցքամարտի հարվածների հետ, որի արդյունքում էլ ծնվեց այն, ինչ այսօր անվանում ենք քիքբոքսինգ։
Այսօր այն տարածված է ամբողջ աշխարհում՝ իր յուրահատուկ շարժումներով, մարզումներով ու տասնյակ ոճերով։ Ժամանակի ընթացքում քիքբոքսինգը տարբեր փոփոխությունների է ենթարկվել, որոնց նպաստել է նաև այն հանգամանքը, որ մարզիկներն սկսել են օգտվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարզման մեթոդներից՝
- Ավելի շատ ռաունդներ՝ սփարինգի համար,
- Շատ հարվածներ՝ մարմնին և գլխին, որպեսզի հոգեպես և ֆիզիկապես ուժեղանան։
Այս ամենից հետո փոխվել են նաև խաղի կանոնները՝ մարտարվեստը դարձնելով ավելի նպատակային ու արագ՝ լի ադրենալինով և դիմադրողականությամբ:
Քիքբոքսինգը միայն մարտարվեստ չէ։ Այն նաև արդյունավետ ինքնապաշտպանության մեթոդ է։ Քիքբոքսինգի հնարքները մեզ կարող են օգնել նաև իրական կյանքում, երբ վտանգի մեջ լինենք։ Այս մարտարվեստը բարելավում է նաև մեր ռեակցիան ու ուշադրությունը՝ օգնելով արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի։





