Եկե՛ք երազենք․․․Ինչու ենք առավոտ վաղ երազե՞լ առաջարկում․ որովհետև այսօր, հիշեցնում է օրացույցը, Երազանքի օրն է․․․
1963 թվականի օգոստոսի 28–ին անկախ ազգային, ռասայական, կրոնական պատկանելությունից մարդկանց հավասար իրավունքների համար պայքարող ականավոր հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը ելույթ ունեցավ Վաշինգտոնում Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից։ Նրա այս ճառը, որը հայտնի է «Ես երազանք ունեմ» անունով, ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի՝ 20-րդ դարի լավագույն գործ։
Հենց այս ելույթն էլ դարձավ առիթ, որ շատ այլ գործիչներ, հանդես գան ՝ տարվա մեջ երազանքի օր ունենալու առաջարկությամբ։ Այդպես օրացույցում հայտնվեց Երազանքի օրը։ Քինգի ելույթի մեջ երազանքը շատ հստակ ուղերձ ուներ՝ մարդկանց հավասար իրավունքների մասին էր, և եթե ձեզ հետաքրքրեց, կարող եք այն գտնել ու կարդալ ամբողջությամբ, բայց ոչինչ չի խանգարում, որ օգոստոսի 28-ը համարվի ընդհանրապես երազանքի օր և ոչինչ չի խանգարում, որ այս առավոտյան մեր մի սիրուն երազանքն ուղարկենք եթեր։ Գիտեք, չէ՞, որ ըստ հունական դիցաբանության օդի ամենավերին ու ամենամաքուր շերտն է եթերը։ Ուղարկե՞նք մեր երազանքներն այնտեղ․․․
Դուք էլ ձեր երազանքն ասեք, տղաներ ու աղջիկներ․ գուցե կատարվի՞․․․Չնայած երազանքներին հասնելու համար, ասում են, նաև ջանք է պետք․․․Բայց սա այլ զրույցի թեմա է․․․
Իսկ մենք ևս մեկ անգամ նայենք օրացույցին և տեսնենք, որ այն մեկ այլ հիշեցում էլ է անում․ ասում, է, որ շուտով, շատ շուտով, դե, բառացիորեն՝ 4 օրից, ավարտվում են ամառն ու ամառային արձակուրդը․․․
Ամեն տարի արձակուրդի այս վերջին շաբաթը մեզ համար ամառն ամփոփելու, ամառային լավ ու սիրուն օրերը վերհիշելու ժամանակ է։ Ուսումնական տարին սկսվեց, թե չէ, դրա ժամանակը շատ չենք ունենա։ Եվ առաջարկում ենք՝ չխախտենք ավանդույթն ու այսօր հիշենք այն բոլոր սիրուն օրերն ու տպավորությունները, որոնք նվիրեց մեզ ամառը և այն մեծ կամ փոքրիկ դասերը, որ ստացանք հենց այս ամառ․․․





