Թեև օդում դեռ զգացվում է ամառվա շունչը, բայց այսօր դիմավորում ենք աշնան երկրորդ օրը։ Սեպտեմբերը միշտ իր հետ յուրահատուկ աշխուժություն է բերում, քանի որ նորից բացվում են դպրոցների ու համալսարանների դռները։ Փողոցներն արդեն դարձել են աղմկոտ, իսկ կրպակներում սիրելի մթերքներն արագ են սպառվում։
Այս ամենի մեջ կա մի աժիոտաժ, որը կարծես բոլորիս է վարակում՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր տպավորություններ, և, ինչ-որ մի տեղ, նաև մի քիչ անհանգստություն՝ կստացվի՞, կհասցնե՞մ, ինչպիսի՞ն կլինի այս ուսումնական տարին։
Սկզբում ձեզ կներկայացնենք մի քանի մեթոդ՝ դասերը արագ ու արդյունավետ սովորելու համար։
Մեթոդ առաջին․ ցանկալի է սովորել՝ բարձրաձայն կարդալով։ Նյութդ բարձրաձայն պատմիր ու ներկայացրու այնպես՝ ասես դու ես ուսուցիչը։ Սա կոչվում է «բանավոր փորձարկում», որի միջոցով ուղեղը ինֆորմացիան վերլուծում է, ու այդպես գիտելիքը ավելի երկար է պահպանվում։
Ասոցիացիաներով սովորելը ևս արդյունավետ է։ Եթե բարդ բառ կամ արտահայտություն ես սովորում, փորձիր այն կապել ինչ-որ ծանոթ բանի հետ։ Օրինակ՝ ֆոտոսինթեզ բառը կարող ես կապել «ֆոտո» բառի հետ (նկար), ու պատկերացնել, որ ծառերը «նկարներ» են անում՝ արևի լույսով։
Հիմա արի ծանոթանանք ժամանակի կառավարման մի քանի հայտնի մեթոդի, որոնք կօգնեն դասերը, տնայիններն ու ազատ ժամանակը կազմակերպել այնպես, որ չհոգնես։
Նախ կարող ես օգտագործել «3 գործի կանոնը»։ Օրվա համար ընտրիր միայն 3 կարևոր գործ․ օրինակ՝ դասը սովորել, տնայինը գրել ու սպորտի պարապմունքը բաց չթողնելը։ Այսպես չես ծանրաբեռնում ինքդ քեզ, բայց, ճիշտ առաջնահերթություններ սահմանելով, անում ես կարևոր գործերը։
Հաջորդը «Պոմոդորոյի» հայտնի մեթոդն է։ Մենք խոսել ենք այս մասին, այնպես չէ։ Սովորում ես 25 րոպե, հետո 5 րոպե ընդմիջում ես անում ու այսպես շարունակ՝ մինչև կավարտես հրատապ գործերդ։ 4 նման ցիկլից հետո պարտադիր 15–20 րոպե պետք հանգստանալ։ Այսպես խնայում ես էներգիադ և չես հոգնում։
Մեկ այլ մեթոդ է ազատ ժամանակը պլանավորելը։ Մենք սովոր են միայն դասերը պլանավորել։ Բայց, եթե պլանավորենք նաև ազատ ժամանակը (օրինակ՝ 6-ից 7-ը՝ զբոսանք, 7-ից 8-ը՝ խաղ), ավելի հավասարակշռված կլինենք։
Հիմա ժամանակն է լսելու մեր հասակակիցներին։ Պարզենք՝ ինչպե՞ս են անցկացրել սեպտեմբերի առաջին օրն ու ի՞նչ պլաններ ունեն նոր ուսումնական տարում։





