Զարթուցիչ

3 օգտակար հավելվածներ՝ նոր գիտելիքներ սովորելու համար․ Զարթուցիչ

Ամեն օր ստեղծվում են նոր առցանց հարթակներ, որոնք նաև առաջ են մղում տեխնոլոգիական զարգացումը։ 2023 թվականն այս իմաստով՝ խորհրդանշական էր։ Արհեստական բանականության նոր փուլն իր հետ, անշուշտ, մտահոգություններ բերեց, բայց, նաև սովորելու ժամանակակից հմտություններ առաջարկեց։

Այսօրվա թողարկմանը ձեզ ենք ներկայացնելու մի շարք կայքէջեր, հավելվածներ և արհեստական բանականության գործիքներ, որոնք մեր գիտելիքների պաշարը հարստացնելու այլընտրանքային ուղիներ են առաջարկում։

Իսկ հաղորդման վերջում զրուցելու ենք ազգագրագետ Գոհար Ստեփանյանի հետ։ Նա մեզ խորհուրդ կտա Վարդավառի մասին մի քանի գրական գործեր կարդալ, որոնք մեզ կօգնեն ջերմ հիշողություններով հրաժեշտ տալ ամռանը։

Ձեզ ենք ներկայացնում օգտակար հավելվածներ և կայքէջեր, որոնք կարող ենք օգտագործել մեր դպրոցական ծրագրին զուգընթաց՝ ավելի բանիմաց դառնալու համար։

Առաջին հավելվածը Duolingo-ն է, որի միջոցով կարող ենք սովորել ավելի քան 40 լեզու։ Չնայած, այս հավելվածի միջոցով կարող ենք յուրացնել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և աշխարհում տարածված այլ լեզուներ, Duolingo-ն մեզ առաջրկում է հազվադեպ ուսումնասիրվող լեզուների ուսուցում ևս, ինչպիսիք են՝ ուելսերենը, իռլանդերենը, կամ Նավահո լեզուն։

Հուրախություն բոլորիս՝ Duolingo-ում ավելացել են նաև երաժշտության, շախմատի ու մաթեմատիկայի դասեր։

Duolingo-ն սովորելը վերածում է խաղի. ամեն առաջադրանքի հետ ստանում ես միավորներ, բացահայտում նոր մակարդակներ, իսկ լիգաներում մրցում ես այլ օգտատերերի հետ։ Ամեն օր քո հաղթահարած դասընթացը դառնում է streak-ի մի մասը, որը ցույց է տալիս՝ քանի օր ես անընդմեջ սովորել։ Եթե բաց ես թողնում մեկ օր, ապա կորցնում ես քո հավաքած streak-ները:

Duolingo-ում դասերը կարճ են ու հեշտ ընկալվող։ Ամեն օր անում ես թարգմանություններ, կարդում ես պարզ պատմություններ, ինչպես նաև վիկտորինաների ես մասնակցում։ Duolingo-ն իր առաջադրանքները հարմարեցնում է քեզ, առաջարկելով այնպիսիները, որոնք պետք են հենց քեզ։ Ամենակարևորը՝ հավելվածը քայլ առ քայլ, ամեն օր, առանց ձանձրանալու քեզ սովորեցնում է նորը։ Դու խաղում ես, բայց իրականում քիչ-քիչ սկսում ես տիրապետել նոր լեզվի։

Հաջորդը Sololearn-ն է, որը բջջային և վեբ հարթակ է և նախատեսված է ծրագրավորում սովորելու համար։ Այն ստեղծվել է հայ-ամերիկյան նույնանուն ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության առաջին հաջողություններից էր 2015 թվականի դեկտեմբերին ստացած ճանաչումը, երբ Sololearn-ը ներառվեց Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլար ներդրում ունեցող ամենաարագ աճող տաս ընկերությունների ցանկում։ Այդ տարի հավելվածը հայտնվել էր նաև Հնդկաստանի լավագույն Android-հավելվածների շարքում։ Հավելվածը «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթող ծրագրերից մեկն է հնգյակում ։ Իսկ արդեն 2017 թվականին Sololearn-ը արժանացավ Ֆեյսբուքի FbStart Apps միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին։

Sololearn-ի դասընթացները կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր նոր թեմա բացվում է, երբ նախորդը յուրացրել ես ամբողջովին։ Դասերը ներառում են ինտերակտիվ հարցեր, գործնական վարժություններ ու առաջադրանքներ, որոնք նպաստում են ակտիվ ուսուցմանը և թույլ չեն տալիս ձանձրանալ։ Օգտատերերը ստանում են միավորներ, վարկանիշներ և կարող են հայտնվել առաջատարների ցանկում։ Միավորների միջոցով հնարավոր է բացել նաև հատուկ նվաճումներ հատվածը, օրինակ՝ բարդ խնդիրներ, որոնք պետք է լուծել։
Հավելվածը բաժանված է երկու հիմնական մասի․

  • Ուսուցում – ծրագրավորման հիմքերից մինչև ավելի բարդ թեմաներ,
  • Խաղային մոդուլ – որտեղ օգտատերերը մրցում են ընկերների կամ այլ ծրագրավորողների հետ։

Սկսնակները կարող են զրոյից սովորել ծրագրավորում, իսկ ավելի փորձառուները՝ զարգացնել իրենց հմտությունները։ Հասանելի են մի շարք ծրագրավորման լեզուներ ու տեխնոլոգիաներ՝ C++, Java, Python, JavaScript, PHP և այլն։ Դասընթացն ավարտելուց հետո տրամադրվում է հավաստագիր։ Յուրաքանչյուր օգտատեր ունի անհատական պրոֆիլ, որտեղ արտացոլվում են նրա ձեռքբերումները, միավորները և առաջընթացը։

Ժամանակի ընթացքում Sololearn-ը սովորական կրթական հավելվածից վերածվել է ծրագրավորման համայնքի և սոցիալական ցանցի, որտեղ սովորողները կարող են շփվել, կիսվել փորձով ու մրցել միմյանց հետ։

Մեր վերջին անվճար վեբ հարթակը Քան ակադեմիան է։ Գործնական վարժությունների, ուսուցողական տեսանյութերի և անհատականացված ուսուցման վահանակի շնորհիվ Քան ակադեմիան սովորողներին հնարավորություն է տալիս նյութերը յուրացնել իրենց հարմար արագությամբ, ինչպես դասարանում, այնպես էլ դրանից դուրս: Այստեղ կարող եք սովորել՝ մաթեմատիկա, բնագիտություն, ընթերցանություն, ինֆորմատիկա, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և մի շարք այլ հետաքրքիր առարկաներ։

Քանի ակադեմիան կենտրոնանում է հմտությունների տիրապետման վրա և սովորողներին օգնում է ամուր հիմք ստեղծել և՛ բարձրագույն կրթություն ստանալու և՛ կարիերայի ընթացքում։

Այս օնլայն սովորելու հարթակը հիմնվել է 2006 թվականին՝ Սալման Քանի կողմից։ Գաղափարի հիմքը հետևյալն էր․ «Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար և ամենուր»։ Կազմակերպությունը ՅուԹյուբում թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ ևս, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ՝ անվճար։

Քան ակադեմիան 2017 թվականից ունի նաև հայաստանյան գրասենյակ, որն ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ինչպես նշում են Այբ-ից՝ «Քան» ակադեմիայի նյութերը հասանելի են 36 լեզվով՝ ներառյալ հայերենը։

Ձեզ համար առանձնացրել էինք օնլայն սովորելու այս 3 հարթակները։ Հույս ունենք, որ կօգտվեք դրանցից, և դրանք կդառնա ձեր ուսումնական առօրյայի մի մասը։

Ցուցադրել ավելի
Back to top button