Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, իր ծննդյան օրն է նշում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Վստահ ենք՝ լսել եք հիմնադրամի մասին, նաև հիմնադրամի խորհրդանիշը՝ մեծ պանդայի ոճավորված նկարն է ձեզ լավ ծանոթ։ Գիտեք, հավանաբար նաև, որ Հայաստանում էլ հիմնադրամն իր մասնաճյուղն ունի և շատ կարևոր գործեր է արել ու անում մեր հայրենիքի բնության և կենդանական աշխարհի պահպանության համար։
Օրինակ, եթե դուք էլ եք համացանցում հայտնված՝ կովկասյան ընձառյուծների նոր առանձնյակների մասին տեղեկացնող տեսանյութերից ուրախանում այնպես, ինչպես մենք, գիտեք, երևի, որ Վայրի բնության հիմնադրամն էլ շատ կարևոր ներդրում ունի այս կենդանատեսակի պահպանության գործում։
Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը զբաղվում է նաև այնպիսի վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը։ Բայց բացի վտանգված տեսակների պաշտպանությունից հիմնադրամի աշխատանքներն ուղղված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ արգելոցներին, ազգային պարկերին, արգելավայրերին, Էկոհամակարգերի վերականգնմանը, բնապահպանական կրթությանն աջակցելուն։
Երբ 1961 թվականի սեպտեմբերի 11-ին Վայրի բնության հիմնադրամը պաշտոնապես գրանցվեց որպես բարեգործական կազմակերպություն, անգամ հիմնադիրները՝ Լյուկ Հոֆմանը, Փիթեր Սքոթն ու Գայ Մոնֆորը, շատ լավ չէին պատկերացնում, թե իրենց այս նախաձեռնությունն ինչ ապագա կունենա։
Այսօր արդեն սա աշխարհի խոշորագույն ոչ կառավարական միջազգային բնապահպանական կազմակերպությունն է, որի ջանքերն ուղղված են կարևոր բնապահպանական խնդիրների լուծմանն աշխարհի բոլոր անկյուններում։
Իր գոյության ողջ ընթացքում հիմնադրամն ավելի քան 2000 նախագիծ է կյանքի կոչել, որոնց թվում, օրինակ, «Վագր», «Ծովերը պետք է ապրեն», «Արևադարձային խոնավ անտառ» և այլն։
Դե, իսկ հիմնադրամի խորհրդանիշին՝ Չի-Չի անունով պանդային, արժե առանձին անդրադառնալ։ Դրա համար պետք է հետ գնանք ժամանակի մեջ և հայտնվենք նախորդ դարի 50–60 ական թվականներ։
1950–ականների սկզբին Չինաստանի Սիչուան նահանգում մի ֆերմեր պանդայի ձագուկ գտավ, անունը դրեց Չի Չի, ինչը չինարենից թարգմանվում է «չարաճճի փոքրիկ աղջիկ» և սկսեց պահել նրան։ Այս մասին իմացան տեղական իշխանություններն ու շուտով այս հազվագյուտ կենդանուն ուղարկեցին Պեկինի կենդանաբանական այգի։ Այստեղ Չի Չին դարձավ թե՛ այգու աշխատակիցների և թե այցելուների սիրելին։
Բայց 1957 թվականին Մոսկվայի կենդանաբանական այգին խնդրեց չինացի գործընկերներին իրենց փոխանցել պանդային։ Եվ սկսվեց Չի Չիի ոդիսականը․ Մոսկվա, հետո նորից՝ Պեկին, հետո նրան գնեց Գերմանիայի կենդանաբանական այգին, ապա Լոնդոնի կենդանաբանական այգին որոշեց ձեռք բերել այս հազվագյուտ արարածին և նրան, ի վերջո հիմնական կեցավայր տալ։
Հենց այստեղ էլ 1961 թվականին նրան տեսավ Վայրի բնության հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ գիտնական և նկարիչ–անիմալիստ Փիթեր Սքոթը։ Նա ստեղծեց Չի Չիի ոճավորված նկարը և որոշեց, որ այս բարեհոգի և պաշտպանության կարիք ունեցող կենդանու նկարը նոր հիմնադրամի լավագույն խորհրդանիշը կարող է դառնալ։ Ինչպես և եղավ։
Ի դեպ, 2016 թվականին, երբ մեծ պանդան դուրս եկավ անհետացող կենդանատեսակների ցանկից և հայտնվեց խոցելի վիճակում գտնվող կենդանիների ցանկում, շատերը կարծում էին, որ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կփոխի իր խորհրդանիշը՝ ընտրելով մեկ այլ՝ անհետացման վտանգի տակ գտնվող կենդանու։ Բայց հիմնադրամը պահեց հայտնի և սիրելի խորհրդանիշը։
Իսկ ինչ եղավ Չի Չին։ Ցավոք, 1972 թվականին անհայտ հիվանդությունից բավականին երիտասարդ տարիքում՝ 18 տարեկանում, Չի Չին մահացավ։ Բայց նրան հիշում են մինչև այսօր, որովհետև նա շատ կարևոր խորհրդանիշ է։





