
Yerevan Music Week միջազգային երաժշտական փառատոն-համաժողովը, որն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-23-ը, իր շուրջ է համախմբել շուրջ 70 երաժիշտի և բանախոսի աշխարհի տարբեր երկրներից։
Մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 35 միջոցառումներ, որոնց մեծ մասը կանցկացվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հինգ համերգային սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, ներքնահարկում, գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներ։
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն կենդանի հնչողությամբ համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր և սեմինարներ։
Համերգային ծրագրերից բացի նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ նվիրված միջազգային փառատոնների դերին, համերգասրահներին և երաժշտական քաղաքների նշանակությանը։ Կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կբացահայտեն գրագետ պորտֆոլիո ստեղծելու և երաժշտական մենեջեր դառնալու գաղտնիքները։
Yerevan Music Week-ին մասնակցում են Շվեցարիայից, Գերմանիայից,Պորտուգալիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից երաժիշտներ՝ Երևանը դարձնելով միջազգային մշակութային յուրահատուկ կենտրոն։
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ, որը Yerevan Music Week 2025-ի պաշտոնական գործընկերն է։





