Միասին սկսում ենք նոր օրը՝ սեպտեմբերի 25–ը, որի մասին օրացույցը հուշում է․ «Ծովի համաշխարհային օրն է այսօր»։ Ծովը բնության հրաշքն է․ եթե մեկ անգամ թեկուզ եղել եք ծովի կամ օվկիանոսի ափին, անհնար է, որ երբևէ մոռանաք այդ հսկայի հզոր շունչն ու անսահմանության զգացումը, որ տալիս է այն։
Ծովի համաշխարհային օրը ՄԱԿ-ի սահմանած տոներից է և նշվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա որևէ օր։ Այս տարի՝ հենց այսօր, ինչպես արդեն ասացինք։
Ծովերը համաշխարհային օվկիանոսի անբաժանելի մասն են, և այս օրվա խնդիրն էլ, ընդհանրապես, համաշխարհային օվկիանոսի՝ մեր կյանքում ունեցած դերը ևս մեկ անգամ կարևորելն է, դրա խնդիրներին պետությունների և միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը։
Անխնա ձկնորսություն, ջրային տարածքների անվերահսկելի աղտոտում՝ անդառնալի հետևանքներով, ծովային բուսատեսակների և կենդանատեսակների վերացում․ սա, իհարկե, սարսափելի հետևանքներով լի իրավիճակ է և ընթացք, որը, եթե այսպես շարունակվի, հաջորդող սերունդներին վատ ժառանգություն է թողնելու։ Ահա թե ինչու Ծովի համաշխարհային օրն աշխարհում նշվում է տարատեսակ միջոցառումներով, բնապահպանական ակցիաներով, դասախոսություններով, որոնք ամեն տարի որևէ որոշակի թեմա են ունենում։ Այս տարի ընտրվել է հետևյալ թեման՝ «Մեր օվկիանոսը– մեր պարտականությունը–մեր հնարավորությունը»։
Ծովի համաշխարհային օրը նշելու ավանդույթները տարբեր են՝ մեծամասշտաբ միջոցառումներից մինչև օրվան նվիրված մանկական նկարների ցուցահանդեսներ, շաբաթօրյակներ, փառատոներ։ Ծովային թանգարաններն էլ են միանում օրվան և հետաքրքիր կրթական ծրագրեր իրականացնում դրա շրջանակում, վարպետաց դասեր ու ինտերակտիվ աշխատարաններ են կազմակերպում, որոնցից կարելի է շատ բան սովորել և, օրինակ, պարզել, թե ինչ կառուցվածք ունեն մարջանային խութերը, ինչու են կետերը կարևոր կլիմայի համար և թե ինչպես կարող է պլաստիկ շիշը սպանել կրիային։
Ի դեպ, գիտեի՞ք, որ աշխարհում կան ծովային թանգարաններ։ Մեր այս հանդիպմանը կներկայացնենք փոքրիկ մի տեղեկություն դրանցից մի քանիսի մասին։
Ծովային թանգարանները, որոնք հայտնի են նաև նավագնացության թանգարաններ անունով, մշակութային հաստատություններ են, որոնք հավաքում, ուսումնասիրում և ցուցադրում են այնպիսի նմուշներ, որոնք կապված են նավագնացության, ծովային կարևոր ճանապարհորդությունների, ծովամարտերի, նավագնացության արվեստի պատմության հետ։ Աշխարհում ծովային թանգարաններ շատ կան, և բնական է, որ դրանք այն երկրներում են, որոնք ծովագնացության հարուստ պատմություն ունեն, և որոնց պատմության մեջ ծովագնացությունը կարևոր դեր է ունեցել։
Աշխարհի ամենահին նմանատիպ թանգարաններից մեկը, որը հիմնվել է 1874 թվականին, գտնվում է Ռոտերդամում։
Հայտնի է Բարսելոնի ծովային թանգարանը, որը մեծ մակերես ունի։ Այստեղ ցուցադրվում է Ֆերնան Մագելանի՝ աշխարհի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարած նավի մոդելը։
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հայրենիքում՝ Պորտուգալիայում, վառ է հայտնի ծովագնացների հիշատակի հանդեպ հարգանքը։ Լիսաբոնի ծովային թանգարանում հավաքված ցուցանմուշները՝ միջնադարյան քարտեզները, 17–րդ դարի գլոբուսը, Վասկո դա Գամային պատկանող փոքրիկ արձանիկը և այլ իրեր դրա վկայությունն են։
Նորվեգիայի Կոն Տիկի թանգարանն էլ պատմում է նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալի նավարկության մասին։
Կան նաև ստորջրյա թանգարաններ։ Մի խոսքով, աշխարհի ծովային թանգարանները շատ են ու շատ հետաքրքիր պատմություններ են պահում իրենց ներսում։
Մի տեսակ ծովային հաղորդում ստացվեց այսօր։ Դե, մենք էլ այսպես նշեցինք Ծովի համաշխարհային օրը․․․և, ինչպես ամեն տարի, չենք մոռանում հենց այս օրը հիշել մեր չքնաղ Սևանա լիճը։ Դե, այո, աշխարհագրություն գիտության չափանիշերով ծով չէ Սևանը, բայց դեռ վաղուց մեր նախնիները նրան ծովակ անվանեցին, ու այսօր էլ Սևանա լճի շրջակայքում ապրողները նրան հենց ծով էլ ասում են։ Մենք էլ սիրում ենք նրան անսահման՝ ծովի չափ․․․





