UNESCO-ի տվյալներով՝ ամենաշատ թարգմանված գիրքը Աստվածաշունչն է, հետո՝ «Փոքրիկ իշխանը»։
Իսկ ամենաշատ թարգմանվող լեզուներից են՝ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենն ու ռուսերենը։
Այս փաստերն արդեն հուշո՞ւմ են մեր այսօրվա թեման։
Օրն ընդունվել է 2017 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից, որի նպատակն էր ճանաչել մասնագիտական թարգմանության դերը՝ ազգերի միավորման և խաղաղության, փոխըմբռնման և հարաբերությունների զարգացման գործում։
Թարգմանիչների շնորհիվ՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունը ունի 6 պաշտոնական լեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, չինարեն և արաբերեն)։ Այնտեղ շրջանառվող բոլոր փաստաթղթերը հասանելի են այս 6 լեզվով։
Ի դեպ, օրվա ընտրությունը պատահական չէ։ Այս օրը՝ 420 թվականի սեպտեմբերի 30-ին, մահացել է գրող, պատմաբան և թարգմանիչ Հերոնիմո Ստրիդոնացին։ Նա համարվում է թարգմանիչների հովանավոր սուրբը։
386 թվականին Հերոնիմոսը բնակություն է հաստատել Բեթղեհեմում։ Այստեղ նա իր տարիներն անցկացրեց Աստվածաշունչը թարգմանելով։
Ըստ տարածված ավանդազրույցի՝ Հիերոնիմոսը փուշ է հանել առյուծի թաթից, որն այդ ժամանակից ի վեր դարձել է նրա հավատարիմ ուղեկիցը։ Անթիվ նկարներում Սուրբ Հիերոնիմոսը պատկերված է իր խցում նստած՝ առյուծը կողքին։
Սկսած 2005 թվականից՝ Միավորված ազգերի կազմակերպությունը անցկացնում է Սուրբ Հիերոնիմոսի թարգմանչական մրցույթը՝ լավագույն գրավոր թարգմանության համար։
Այն անցկացվում է՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Մրցույթի նպատակը բազմալեզվության խթանումն է և դիվանագիտության մեջ թարգմանիչների կարևորության մասին իրազեկվածության բարձրացումը։
Թարգմանությունը միավորում է ոչ միայն մշակույթը, այլև՝ գաղափարն ու ժողովրդին։ Եթե չլինեին թարգմանիչները, մեզ հասանելի չէին լինի այն գրքերը, ֆիլմերը, երգերը և գիտելիքները, որոնք այսօր համաշխարհային ժառանգության մաս են կազմում։
Առանց թարգմանիչների՝ անհասանելի կլինեին գրականության և կինոյի բազմաթիվ ստեղծագործություններ, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական նորույթները, և տարբեր երկրներից մարդիկ չէին կարողանա շփվել միմյանց հետ։
Ի դեպ, մի հետաքրքիր փաստ։ Մեր օրերում՝ տեխնոլոգիական զարգացումը արագացրել է թարգմանությունները։ Օրինակ՝ Google Translate-ը ստեղծվել է 2006 թվականին և այսօր աշխատում է ավելի քան 130 լեզվով։





