Զարթուցիչ

Շնորհավոր ժպիտի օր. Զարթուցիչ

Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը։ Իսկ գիտե՞ք, որ այս ուրախ տոնի համար մենք պարտական ենք ամերիկացի ոչ այնքան հայտնի նկարիչ Հարվի Բելլին։

20-րդ դարի կեսերին նա ապրում էր ԱՄՆ-ում և ստեղծագործում՝ իր փոքրիկ արվեստանոցում: Ասում են, որ նրա նկարներն առանձնապես ուշադրության չէին արժանանում և գրեթե չէին վաճառում: Բայց մի օր Հարվիին են դիմում ապահովագրական մի ընկերությունից ու խնդրում ընկերության այցեքարտի համար պայծառ ու հիշվող խորհրդանշան ստեղծել։ Հարվին երկար չի մտածում և իր ներկապնակի ամենապայծառ դեղին գույնով ստեղծում է բոլորիս հայտնի ծիծաղող դեմքը՝ ժպիտիկը, կամ ինչպես հաճախ ենք ասում՝ սմայլիկը։ Ապահովագրական ընկերությունը հավանում է Հարվիի աշխատանքն ու նոր լոգոյով այցեքարտերը բաժանում է ողջ անձնակազմին։ Շուտով ուրախ դեմքը հայտնվում է նաև մարզաշապիկների, գլխարկների, ծրարների, բացիկների և անգամ լուցկու տուփերի վրա։

Ասենք, որ Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին։ Օրվա կարգախոսն է «Կատարիր բարի գործ։ Օգնի՛ր, որ գոնե մեկ մարդու դեմքին ժպիտ հայտնվի»։ Եվ ուրեմն, եկեք միանանք այս ուրախ տոնին, ժպտանք ու ժպիտ նվիրենք բոլորին, նույնիսկ անծանոթ մարդկանց ։ Չէ՞ որ ժպիտը երջանկություն է պարգևում շրջապատին։

Ցուցադրել ավելի
Back to top button