Ամերիկացի գրող Մարգարետ Էլիզաբեթ Սանգստերը ասում էր, որ «երբեք չպետք է դասավանդի այն մարդը, որը սիրահարված չէ այդ գործին»։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նշվում էր ուսուցիչների տոնը։ Թերևս, բոլորս ենք համաձայն, որ ուսուցիչները շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում։ Դժվար է գտնել մի մարդու, որը չի ունեցել սիրելի, և ո՛չ այնքան սիրելի ուսուցիչ։ Եվ․․․ իհարկե, եթե ավելի խորը մտածենք կհասկանանք, որ ուսուցիչը միայն դպրոցում դասավանդող մասնագետը չէ։ Երբեմն մեր ուսուցիչներին կարող ենք հանդիպել նաև դպրոցի պատերից դուրս։
Շնորհավորելով ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ, ուզում ենք ձեզ ներկայացնել աշխարհում գրված, գուցե, ամենալավ նամակներից մեկը՝ ուղղված ուսուցչներին։ Հեղինակն անհայտ է, բայց կարդալով նամակը հասկանում ես, որ նման տողեր կարող էիր նաև դու գրել։
«Սիրելի ուսուցիչներ, Երբ նստեցի այս բաց նամակը գրելու, մեծ երախտագիտությամբ ու հիացմունքով հիշեցի այն անգին դերը, որ դուք ունեցել եք իմ կյանքի ձևավորման գործում։ Ձեր նվիրվածությունը, համբերությունն ու անսասան աջակցությունը անջնջելի հետք են թողել իմ ուսման և անձնական աճի ճանապարհին։ Նախ և առաջ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել այն գիտելիքների համար, որոնք դուք տարիների ընթացքում փոխանցել եք ինձ։ Ձեզնից յուրաքանչյուրն իմ մտավոր զարգացման մեջ ներդրել է յուրահատուկ ու արժեքավոր մաս։ Թե մաթեմատիկայի բարդությունները բացատրելով, թե գրականության հանդեպ սեր արթնացնելով, թե գիտության խորքային հարցերում ինձ ուղղորդելով։ Բայց ձեր ազդեցությունը միայն դասասենյակով չի սահմանափակվել։ Դուք եղել եք նաև իմ խորհրդատուները, աջակցողները, երբեմն էլ նույնիսկ ընկերները։ Դուք լսել եք իմ մտահոգությունները, տվել եք խորհուրդներ և ինձ համար ստեղծել եք անվտանգ միջավայր։ Ձեր անկեղծ հոգատարությունը դարձել է իմ ուժի աղբյուրը դժվարին պահերին, և ես հավերժ շնորհակալ եմ ձեր բարության ու մարդկայնության համար։ Դուք ինձ փոխանցել եք ոչ միայն գիտելիք, այլև կյանքի կարևոր հմտություններ։ Քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, արդյունավետ հաղորդակցություն, ժամանակի կառավարում։ Կթույլատրե՞ք, որ ձեր արդեն մեծացած, բայց նույն չարաճճի աշակերտը նորից գա ձեզ մոտ բաց գրկով, որովհետև հիմա այդ մեծացած աշակերտը պատասխաններ է փնտրում սիրո ու կյանքի մասին։ Կսովորեցնե՞ք ինձ նորից՝ լայն սրտով ու բաց մտքով։ Այդուհանդերձ, սրտի խորքից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ամեն ինչի համար, ինչ արել և շարունակում եք անել։ Ձեր ազդեցությունը իմ կյանքում անչափելի է, և ես հավերժ երախտապարտ եմ։ Խորին հարգանքով ու գնահատանքով, Ձեր այն չարաճճի աշակերտը, որը հիմա անցնում է իր մեծահասակ կյանքի փուլը»։
Կրկին շնորհավորենք մեր ուսուցիչներին տոնի առթիվ ու շարունակենք Զարթուցիչը Ազատության հրապարակում, որտեղ վերջին մեկ շաբաթյա փառատոնը նվիրված էր գիտությանը։



Լուսանկարներում՝ «Գիտության շաբաթ» փառատոնը Երևանի Ազատության հրապարակում։





