Զարթուցիչ

Մեկ օրում չորս տոն. Հետաքրքրե՞ց 

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրը՝ հոկտեմբերի 7-ը, նշվում է տարբեր խորհուրդներով։ Օրինակ՝ այսօր Բամբակի միջազգային օրն է, գիտեի՞ք։ Ի դեպ բամբակն ամենատարածված բնական թելն է, որը մշակելու և ստանալու համար աշխարհում հազարավոր մարդիկ են աշխատում։ 

Այսօր նշվում է նաև Ներման ու երջանկության օրը, որը մարդկանց հիշեցնում է, որ ներողամտությունը ավելի հեշտ է դարձնում առաջ քայլելն ու նոր հնարավորությունների դռներ է բացում։

Բայց կա նաև երկու տոն, որոնք առանձնանում են օրացույցում։ Մեկը՝ համաշխարհային է, իսկ մյուսը՝ նշվում է Հայաստանում։ Եթե դեռ չեք կռահում, թե որոնք են այդ տոները, ապա միացեք մեզ ու շարունակեք լսել Զարթուցիչը։ 

Ճարտարապետության համաշխարհային օրը սահմանվել է 1985 թվականին՝ ընդգծելու, որ ճարտարապետությունը պարզապես շենքերի ու կառույցների մասին չէ, այն մեր քաղաքների հիշողությունն է, մշակույթն ու նաև ապագան։

Այս օրը ճարտարապետներին հիշեցնում է իրենց մասնագիտական առաքելության մասին՝ ստեղծել վայրեր, որտեղ մարդիկ ոչ միայն ապրում են, այլև՝ զարգանում, ստեղծում ու ստեղծագործում։ Աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 7-ին կազմակերպվում են ճարտարապետական ցուցահանդեսներ, բաց դասախոսություններ ու քննարկումներ՝ քաղաքի ու մարդու ներդաշնակ հարաբերությունների թեմայով։

Իսկ հիմա Հայաստանի տոնի մասին․․․այսօր մենք նշում ենք նաև Գրադարանավարի օրը։ Թվում է՝ թվային դարաշրջանում գրադարանները կորցնում են իրենց դերը, բայց իրականում՝ շարունակում են մնալ գիտելիքի, պատմության, մշակույթի ու հիշողությունների պահպանման կենտրոններ։ Գրադարանավարները օգնում են մեզ գտնել անհրաժեշտ տեղեկությունը, բացահայտել նոր աշխարհներ ու  փնտրել ճշմարտությունը։ Այս օրը լավ առիթ է հիշելու, որ գրադարանը կենդանի միջավայր է, որտեղ միշտ հանդիպում են անցյալն ու ներկան։

Ցուցադրել ավելի
Back to top button