Առանց ինչի՞ չեք պատկերացնում հայկական ընտանիքներում նախաճաշի, ճաշի և ընթրիքի սեղանները․ իհարկե, առանց հացի։
Հոկտեմբերի 16–ը հացի համաշխարհային օրն է, որը նշվում է 2006 թվականից սկսած՝ հացթուխների և հացթուխ–հրուշակագործների միջազգային միության նախաձեռնությամբ։
Աշխարհի բոլոր ժողովուրդները կարևոր ու առաջնային այս մթերքի հետ կապված իրենց հավատալիքներն ունեն, հացապատրաստման իրենց մշակույթը։ Հայկական կենցաղային մշակույթի մեջ էլ անհիշելի ժամանակներից սկսած հացն իր հատուկ ու պատվավոր տեղն ունի։
Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում, ինչի մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված և անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներով թվագրվող ցորենի և գարու պաշարները և գետնափոր թոնիրները:
Հայաստանի տարբեր վայրերում թխվել և այսօր էլ թխվում են հացի տարբեր տեսակներ, բայց կա մեկը, որը գիտեն բոլորը՝ լավաշն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Ցորենի ու հացի պաշտամունքը մեր նախահայրերից է մեզ հասել, նրանցից են փոխանցվել նաև հացի հետ կապված ծիսական մի շարք հավատալիքներ։ Օրինակ, մեր նախնիները կարծում էին, որ հացը դանակով կտրել չի կարելի, այդպես մարդը կզրկվի բարեկեցությունից։
Նորահարսի ուսին լավաշ գցելով հավատում էին, որ հարսիկն իր հետ հացի առատություն կբերի նոր օջախ։
Իսկ պատերազմ գնացող որդիների հետ մայրերն իրենց ձեռքով թխած և չորացրած լավաշ էին դնում՝ զավակներին հացի հետ մայրական օրհնանք փոխանցելով և քաղցից պաշտպանելով։
Հիմա էլ հաճախ ենք մեր խոսքում գործածում հացի հետ կապված թևավոր խոսքեր, առածներ ու ասացվածքներ՝ հաճախ չկենտրոնանալով, որ դրանց գլխավոր հերոսը հացն է։ «Էս հացը վկա», «Կերածդ հացը հալալ լինի», «Տվածս հացը աչքերդ բռնի», «Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ»։
Ի դեպ, Ռադիո Արևիկի «Հայկական էսքիզներ» շարքում լավաշի և հացի մասին հետաքրքիր զրույցներ կան․ լսեք դրանք և շատ բան կպարզեք ինքներդ ձեզ համար։
231 տարի առաջ՝ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկ «Ազդարարը», որի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Ի նշանավորումն այս իրադարձության 2004 թվականից սկսած հոկտեմբերի 16–ը նշվում է որպես Հայկական մամուլի օր:
«Ազդարար» ամսագիրը հրատարակվել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը: Այս ընթացքում լույս է տեսել 18 համար, որոնցում լուրերից բացի տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում ենք մամուլի ասպարեզում աշխատող մեր ավագ գործընկերներին, դպրոցական թերթեր և պատի թերթեր ստեղծող մեր տարեկիցներին և մաղթում հետաքրքիր գրիչ․ այսինքն՝ հետաքրքիր, կարևոր, օրվա անցուդարձն անաչառ լուսաբանող նյութեր գրելու հմտություն։





