Այսօր հետաքրքիր օր է․․․ և գիտե՞ք՝ ինչու։ Հոկտեմբերի 28-ը միաժամանակ կրեատիվության՝ ստեղծարարության ու վայելքի մասին է․ մեկը տեսողական աշխարհում, մյուսը՝ համի։
Դեռ փակագծերը չենք բացում, իսկ դուք մնացեք մեզ հետ, քանի որ րոպեներ անց միասին նոր բացահայտումներ ենք անելու։
Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր ոչ միայն Անիմացիայի միջազգային օրն է, այլ նաև՝ Միացյալ Նահանգներում, նշվում է Շոկոլադի օրը։
Այսպիսով, սկսենք անիմացիայից։ Անիմացիայի միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին՝ ի հիշատակ առաջին հանրային անիմացիոն ցուցադրության, որը տեղի է ունեցել 1892 թվականի հենց այս օրը՝ Փարիզում։ Ֆրանսիացի նկարիչ և գյուտարար Շառլ Էմիլ Ռեյնոն ցուցադրել էր իր ստեղծած շարժվող պատկերների նախատիպը։ Սա կարելի է համարել հենց այն պահը, երբ կինոն սկսեց «շնչել»:
Անիմացիան, իր մշակույթով ու տեխնիկական հնարավորություններով, ժամանակի ընթացքում վերածվեց մի ողջ արվեստի՝ ձեռքով նկարված կադրերից մինչև 3D պատկերներ։ Այսօր անիմացիան պարզապես մուլտֆիլմ չէ․ այն պատմություն է՝ ներկայացվող պատկերների, պատմությունների, գույնի, ձայնի և շարժման միջոցով։
Ի դեպ, մի հետաքրքիր փաստ․ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը լայն տարածում է գտել, Ուոլտ Դիսնեյի «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկներ»-ն էր՝ 1937 թվականին։ Իսկ մեր ժամանակներում անիմացիան օգտագործվում է ոչ միայն ժամանցի, զվարճանքի դեպքում, այլ նաև՝ կրթական, գիտական ու գովազդային ոլորտներում։
Իսկ հիմա քաղցր թեմաներից խոսենք։ Շոկոլադի սիրահարներ ունե՞նք։
Այսօր Միացյալ նահանգներում նշվում է Շոկոլադի օրը․ տոն, որը պարզապես չէր կարող չլինել, քանի որ քչերն են հրաժարվում այս քաղցրավենիքից։
Դուք էլ եք չէ՞, կարծում, որ ոչ մի բան մեզ այնպես չի միավորում, ինչպես շոկոլադը ու սերը՝ նրա նկատմամբ։ Գիտնականները հաստատում են, որ շոկոլադը, հատկապես սևը, պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են մեր տրամադրությունն ու նվազեցնում սթրեսը։
Իսկ գիտե՞ք, որ մեր սիրելի քացրավենիքի պատմությունն սկսվում է դեռևս Մայաների և Ացտեկների ժամանակներից, երբ շոկոլադով խմիչքը համարվում էր աստվածային։
Դե իսկ Եվրոպայում, այն, սկզբում վաճառվում էր միայն դեղատներում՝ որպես էներգիա բարձրացնող միջոց։
Մեր օրերի ուսումնասիրություններն էլ վկայում են, որ մարդը միջինում տարեկան ուտում է մոտ 5 կիլոգրամ շոկոլադ։
Իսկ ամենամեծ քանակությամբ շոկոլադ սպառող երկիրը Շվեյցարիան է։
Հիմա փորձենք կապ գտնել այս երկու տոների միջև՝ անիմացիան ստեղծագործություն է, իսկ շոկոլադը՝ վայելք է։ Երբեմն դրանք միավորվում են, օրինակ՝ հիշենք «Չարլին և շոկոլադի ֆաբրիկան»։
Այսպիսով, այս օրը հրաշալի առիթ է՝ սիրելի մուլտֆիլմը դիտելու և համեղ շոկոլադ վայելելու համար։





