Այսօր հոկտեմբերի 30–նն է․ օրացույցը հուշում է, որ հոկտեմբերի 30–ը հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է․ Վարպետն այսօր դարձավ 150 տարեկան․․․
Դեռ տարեսկզբից ԿԳՄՍ նախարարությունը տարին հռչակեց իսահակյանական։ Հոբելյանական միջոցառումներ կազմակերպվեցին մեր հանրապետության տարբեր մարզերւմ՝ դպրոցներում, բուհերում, գրադարաններում, թանգարաններում։ Մեզնից շատերն էլ մասնակցել են դրանց, և շատերիս համար է այս տարին դարձել Իսահակյան գրողին ու հայրենասերին հայտնաբերելու, ճանաչելու տարի, չնայած դպրոցում՝ տարբեր դասարաններում ծանոթանում ենք գրողի թե՛ կյանքին, թե՛ ստեղծագործությանը։
Ի դեպ, Ռադիո Արևիկի «Տնային աշխատանք մասնագետի հետ» հաղորդաշարն էլ այս տարվա ընթացքում անդրադարձել է Վարպետի ծննդյան 150–ամյակին՝ գրականագետ Անի Եղիազարյանի երկու զրույցով։ Մեր կայքում գտեք դրանք, լսեք և վստահ եղեք, որ Իսահակյանի մասին ունեցած ձեր գիտելիքին շատ կարևոր մանրամասներ կավելանան։ «Ավետիք իսահակայն- 150» և «Ուստա սիլլասի՝ վարպետի ապտակ» այդպես են կոչվում զրույցները, որոնցից մի փոքրիկ հատված կներկայացնենք քիչ անց։
Բայց մինչև այդ այն մասին, թե այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ինչպե՞ս կնշվի Վարպետի ծննդյան օրը Երևանի իր տուն–թանգարանում։ Ի դեպ, Վարպետն այստեղ ապրել է կյանքի վերջին տասը տարին՝ 1947–ից 1957 թվականներին։
Եվ այսպես, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան N16 ավագ դպրոցի հետ համագործակցությամբ, հրավիրում է մեզ մասնակցելու հոբելյանական միջոցառումների շարքին՝ քայլերթից մինչև նոր ցուցադրություն և գրքի շնորհանդես։
Ժամը 10–ին նախատեսվում է Հոբելյանական քայլերթ դեպի Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ թաղված է Ավետիք Իսահակյանը, իսկ ժամը 11–ին՝ ծաղկադրման արարողություն նրա հուշաքարին։
Ժամը 12:30 տեղի կունենա «Մի մկան պատմություն» պատկերազարդ, խոսող խաղ-գրքի շնորհանդեսը Վարպետի տուն–թանգարանում, նաև՝ շրջայց թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրությունում։
Հատուկ ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև նկարիչ Արա Հովսեփյանի հեղինակած Իսահակյանի դիմանկարի նվիրատվության արարողությունը թանգարանին, ելույթ կունենան Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդի» սաները, «Արև մոդելս» ՀԿ-ի սաները։
«Միջոցառման ընթացքում կհյուրընկալենք ձեզ Վարպետի սիրելի կաթով սուրճով և թխվածքով»,–խոստանում են թանգարանից և սիրով սպասում հյուրերի՝միասին նշելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը և զգալու Վարպետի հարուստ ժառանգության կենդանի շունչը։
Գյումրիում, որտեղ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվել էր դեռևս հոկտեմբերի 25–ին, այսօրՎարպետի արձանի մոտ՝ Գյումրիի Թատերական հրապարակում, կկայանա ծաղիկների խոնարհման արարողություն։ Իսկ ողջ օրվա ընթացքում տեղի կունենան տարբեր տոնական միջոցառումներ․ «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում կբացվի հատուկ ցուցադրություն՝ «Իսահակյանը արվեստի մեջ» խորագրով, իսկ Տիկնիկային թատրոնում կներկայացվի «Քաղաքի խելոքները» ներկայացումը։





