Զարթուցիչ

Ուրբաթօրյա Զարթուցիչ

Երևի չկա ավելի գեղեցիկ լուսաբաց, քան աշնանայինը, երբ արևի մեղմ շողերը խաղում են ոսկեկարմիր տերևների հետ, օդը թարմ է, իսկ երկինքը՝ մեղմ կապույտ։ Ուզում ես ուղղակի, առանց շտապելու, քայլել աշնան փողոցներով, լսել տերևների խշխշյունն ու տեսնել, թե ինչպես է կամաց-կամաց արթնանում ու աշխուժանում քաղաքը՝ բերելով փոքրիկ ուրախություններ ու նոր հնարավորություններ։

Դիմավորում ենք հոկտեմբերի 31-ը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր նշվում է Սև ծովի, Քաղաքների և Խնայողությունների միջազգային օրերը։

Այժմ մի տեղեկություն։ Օրեր առաջ Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում տեղի ունեցավ «Ծնվել եմ Արցախում» խորագրով համերգը, որտեղ իրենց կատարումներով ելույթ ունեցան արցախցի պատանի երաժիշտները։ Հնչեցին Չայկովսկու, Շուբերտի, Ռախմանինովի, Դիմլերի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ -Ծրագրի շրջանակում երեխաներն այցելեցին նաև քաղաքի տեսարժան վայրերը, ինչպես նաև, հնարավորություն ունեցան Մոսկվայի միջազգային երաժշտական տան դահլիճում լսել Վագների և Չայկովսկու ստեղծագործությունները՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

Մի կարևոր տեղեկություն ևս։ Եթե առաջիկա հանգստյան օրերին պատրաստվում եք այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այցելուներին կընդունի շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 10-ից -21։00-ը։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց կլինի երեքշաբթիից շաբաթ, ժամը՝ 10։00-18։00-ը, իսկ կիրակի, ժամը 10։00-16։00-ը։ Երկուշաբթի օրը «Զվարթնոց»-ում ոչ աշխատանքային է։

Ու, քանի որ խոսեցինք թանգարանների մասին, հիշեցնենք, որ երևանյան թանգարաններում շարունակում են գործել հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնց կարող ենք մասնակցել ու օգտակար ժամանակ անցկացնել։ Մեզ սպասում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևան քաղաքի պատմության թանգարանում, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Խաչատուր Աբովյանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններում, ինչպես նաև Երևանի Երկրաբանական թանգարանում։ Այստեղ ոչ միայն հետաքրքիր կրթական ծրագրերի կարող ենք մասնակցել, այլ նաև զարմանալի ցուցանմուշներ տեսնել։

Ցուցադրել ավելի
Back to top button