Զարթուցիչ

Աշխարհում լավագույն համալսարանները․ Զարթուցիչ

Տասնյակ միլիոնավոր ուսանողներ ամեն տարի ընդունվում են աշխարհի տարբեր համալսարաններ։ Վստահ ենք, որ մեզնից շատերն էլ, ամեն օր, ջանք ու եռանդ չեն խնայում, որ սովորեն Հայաստանում կամ արտասահամանում գտնվող որևէ համալսարանում և ուսումնասիրեն իրենց երազանքի մասնագիտությունը։ Բայց, երբեմն, լինում է նաև հակառակը․ ինքներս մեզ սահմանափակում ենք՝ կարծելով, թե չենք կարողանալու ընդունվել բուհ, քանի որ մրցակցությունը մեծ է։

Այսօրվա հաղորդումը նվիրել ենք կրթությանը և ձեզ ենք ներկայացնելու աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր համալսարաններից մի քանիսը։ Թեման, գուցե, շատերիս այնքան ոգևորի, որ սկսենք ավելի լավ սովորել ու նպատակադրվենք այդ համալսարաններից որևէ մեկում շարունակել մեր կրթությունը։

Առաջինը ներկայացնում ենք ԱՄՆ-ում գտնվող Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտը։ Համալսարանի նշանաբանն է «Խելք և ձեռք», որը, անշուշտ, պատահական չի ընտրված։ Այն դրսևորում է համալսարանի հիմնական նպատակը․ զարգացնել գիտությունը, տեխնոլոգիաներն ու այնպիսի գիտական ոլորտներ, որոնք կարող են աշխարհն ավելի լավը դարձնել։

Համալսարանը հիմնադրվել է 1861 թվակականին, մի խումբ գիտաշխատողների կողմից։ Այսօր այն դարձել է աշխարհի ամենահեղինակավոր ու խոշոր կրթական կենտրոններից մեկը։

«Իմփերիալ Քոլեջ Լոնդոնը» 2025 թվականի QS աշխարհի լավագույն համալսարանների ցանկում զբաղեցնում է 2-րդ տեղը: Այն Միացյալ Թագավորության առանձնահատուկ բուհերից է և ամբողջությամբ ներգրավված է գիտության, ինժեներիայի, բժշկության և բիզնեսի ոլորտներում։ Այստեղ կրթությունը հիմնված է գիտական փորձերի և հետազոտությունների վրա։

Իմփերիալը սովորեցնում է մտածել, կասկածել և փնտրել նոր լուծումներ՝ ուսանողներին հնարավորություն տալով աշխատելու տարբեր մշակույթների ու երկրների ներկայացուցիչների հետ՝ ձևավորելով միջազգային թիմեր։ Այստեղ դասախոսներն ու գիտնականները Նոբելյան մրցանակակիրներ են ու իրենց ոլորտների առաջատար մասնագետներ։

3-րդ պատվավոր հորիզանականում Սթենֆորդի համալսարանն է, որը հայտնագործությունների, ստեղծարարության, նորարարության և բժշկական կրթության բարձրագույն կենտրոն է։

Սթենֆորդը հիմնադրվել է 1885 թվականին Կալիֆոռնիա նահանգի սենատոր Լիլանդ Սթենֆորդի և նրա կնոջ՝ Ջեյնի կողմից՝ իրենց վաղամեռիկ որդու հիշատակին։ Ի սկզբանե, համալսարանը հեռու է եղել բոլոր խտրականություններից՝ հասանելի լինելով տարբեր կրոնների ներկայացուցիչներին, տղամարդկանց և կանանց։ Նաև մատչելի է։ Այստեղ միավորվում են հումանիտար գիտությունները, տեխնոլոգիաներն ու ինժեներիան։

Սթենֆորդը աշխարհի այն լավագույն համալսարաններից է, որի շրջանավարտների ցանկում 20 Նոբելյան մրցանակակիր կա։ Համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նաև արվեստին։

Վերջին համալսարանը, որի մասին կխոսենք Օքսֆորդն է, որը ամենահինն է անգլախոս աշխարհում։ Ասում են՝ այնքան հին է, որ նույնիսկ հիմնադրման ճշգրիտ տարեթիվն է անհայտ։ Եվ, այնուամենայնիվ, կա վարկած, որ այստեղ կրթություն են ստացել դեռ 11-րդ դարում։ Համալսարանը գտնվում է Օքսֆորդ քաղաքի միջնադարյան կենտրոնում։ Այստեղ սովորում է մոտ 22,000 ուսանող, մոտ 40 տոկոսը՝ արտասահմանցիներ։ Քաղաքի բնակչության մեկ քառորդը ուսանողներ են, ինչի շնորհիվ էլ Օքսֆորդը համարվում է Միացյալ Թագավորության ամենաերիտասարդ քաղաքը։

Օքսֆորդը հատկապես հայտնի է իր գիտական նվաճումներով ու համարվում է աշխարհի լավագույն համալսարանը բժշկության ոլորտում։ Օքսֆորդի շրջանավարտների ցուցակում կարելի է տեսնել օլիմպիական մեդալակիրների, 26 Նոբելյան մրցանակակրի, ինչպես նաև համաշխարհային առաջնորդների անուններ։ Այս ամենը, անխոս, ավելի են բարձրացնում համալսարանի հեղինակությունը։ Այսօր այն ոչ միայն կրթության այլ նաև գիտության, արվեստի և մտածողության ձևավորման իսկական կենտրոն է։

Հաղորդման երկրորդ մասում խոսելու ենք մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Նա կանդրադառնա համակարգչային վնասակար ծրագրերին, և կհուշի, թե ինչպես կարող ենք խուսափել դրանցից։

Ցուցադրել ավելի
Back to top button