Զարթուցիչ

Ինչո՞ւ ենք աշնանն ավելի հաճախ տխրում. Զարթուցիչ

Այսօր ուզում ենք խոսել մի զգացողության մասին, որը ծանոթ է  գրեթե բոլորիս։ Երբեմն չենք էլ հասկանում՝ ինչու, և, հատկապես երբ է դա տեղի ունենում, բայց աշնանը մեր տրամադրությունը մի փոքր ընկնում է, էներգիան՝ նվազում և դա ազդում է մեր արդյունավետության վրա՝ խանգարելով թե՛ դասերին, թե՛ պարապմունքներին։ 

Պարզվում է՝ սա ոչ թե պարզապես տխրություն է, այլ շատ բնական ու տարածված երևույթ, որը  կոչվում է տրամադրության սեզոնային անկում կամ պարզապես աշնանային տխրություն։ Իսկ թե ի՞նչ կարող ենք անել այն հաղթահարելու համար՝ կպարզենք հաղորդման ընթացքում։

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ ենք աշնանը տխրում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեր տրամադրությունը որոշ չափով կախված է լույսից։ Երբ օրը կարճանում է ու արևի լույսն ավելի քիչ ենք տեսնում, մեր ուղեղը, երջանկության հորմոնները՝ սերոտոնինն ու դոպամինը, սկսում է արտադրել քիչ քանակով։ 

Արդյունքում՝ կարող ենք զգալ հոգնածություն, էներգիայի և մոտիվացիայի պակաս կամ ուղղակի դատարկություն ու ձանձրույթ։ Սա բնական երևույթ է։ Մեր մարմինը արձագանքում է շրջակա միջավայրին՝ այնպես, ինչպես բնությունը՝ ծառերը, թռչունները։

Պատահական չէ, որ համեմատեցինք բնության հետ։ Այստեղ հետաքրքիր տարբերություն կա։ Բնությունը չի տխրում, այն պարզապես անցնում է հանգստի փուլ։ Մենք էլ կարող ենք այդպես անել․ աշունը դարձնել բեռնաթափման, ինքնախնամքի և նոր ուժերով սկսելու շրջան։

Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ օգնել։ Մենք առանձնացրել ենք մի քանի պարզ, բայց արդյունավետ մեթոդ։ Սկզբում՝ պետք է գտնել լույս՝ որքան հնարավոր է շատ։ Օրինակ՝ օրվա ընթացքում տանը բաց պահել վարագույրները, դրսում շատ քայլել՝ նույնիսկ, եթե օդը սառն է։ 

Դա ևս օգտակար է, բայց չմոռանաք տաք հագնվելու, իսկ տուն վերադառնալիս էլ՝ տաք թեյիմասին։ Այսպիսով՝ օրվա ընթացքում 15-20 րոպե արևը կամ պարզապես լուսավորությունը արդեն իսկ կարող են բարձրացնել տրամադրությունը, ուժ և էներգիա հաղորդել։

Կարևոր է նաև սնվել վիտամիններով և սննդարար նյութերով՝ հատկապես աշնանը խուսափելով խորտիկներից ու չոր սննդից։ Աշունը լի է բանջարեղենով, ուստի չի կարելի չօգտվել այդ հնարավորությունից։ 

Այս սննդարար նյութերը հատկապես հայտնի են նրանով, որ բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ 

Կարևոր է օրվա ճաշացանկում առնվազն երկու տաք սնունդ ներառել։ Տաք սնունդը ոչ միայն առողջարար է, այլև՝ ստեղծում է տաք և հարմարավետ մթնոլորտ։ 

Իսկ, եթե նախուտեստները անխուսափելի են, ուրեմն՝ ցանկալի է ընտրել ընկույզ, ավոկադո և սև շոկոլադ։ Դրանց մեջ պարունակվող սննդարար նյութերը խթանում են սերոտոնինի արտադրությունը, ինչը հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է աշնանային տխրության դեմ պայքարելու համար։

Հատկապես աշնանը կանաչ թեյը դառնում է այսպես ասած անհրաժեշտություն։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով և օգտակար միացություններով, որոնք պայքարում են մրսածության դեմ: Այո, կարելի է ասել, որ բոլոր ժամանակներում, այս ըմպելիքը շատերի սիրելին է։

Չենք մոռանում ամենակարևորի՝  բավականաչափ քնելու մասին։ Քնի պակասը թուլացնում է օրգանիզմի պաշտպանողականությունը և կարող է նպաստել ոչ միայն մտավոր, այլև՝ ֆիզիկական հոգնածությանը։ Օրգանիզմը սկսում է արձագանքել քնի վատ որակին։

Օրինակ՝ սկսում է արտադրել ավելի շատ սթրեսի հորմոնները, որոնք բացասաբար են ազդում առօրյայի վրա։ Հետևաբար, բավարար քունը կարևոր է ոչ միայն արդյունավետ, զգոն և լավ տրամադրություն պահպանելու, այլև՝ ֆիզիկական առողջության համար։

Եվ վերջում՝ հիշենք, որ պետք է խուսափել օրգանիզմը  շատ ծանրաբեռնելուց։ Աշնանը մեզ ավելի շատ հանգիստ է պետք։ Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը՝ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։ Հավասարակշռությունը միշտ էլ կարևոր է։ Հիշենք, որ լավ հանգստացողներն են, որ լավ են աշխատում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button