Գիտե՞ք, որ նոյեմբերի առաջին չորեքշաբթի օրը օրացույցում՝ Սթրեսի իրազեկման օրն է, որը մարդկանց հիշեցնում է հոգեկան առողջության կարևորության մասին, հանրությանը տեղեկատվություն է տրամադրվում սթրեսի առաջացման պատճառների, հետևանքների և դրանք կառավարելու մեթոդների վերաբերյալ։
Շատ երկրներում օրն անցնում է մասնագիտական քննարկումներով, սեմինարներով, կազմակերպվում են հոգեբանական խորհրդատվություններ և օգնում մարդկանց՝ պահպանել ներքին հավասարակշռությունը։ Դե իսկ մենք սթրեսից ու լարվածությունից ազատվելու փոքրիկ ուղեցույց ենք կազմել, որը հավանաբար կօգնի ձեզ, եթե ինչ-ինչ պատճառներով անտրամադիր եք։
Նախ խորը շունչ քաշեք և մի քանի անգամ դանդաղ ներշնչեք ու արտաշնչեք։ Այս շնչառական վարժությունն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը։ Հետո 10-ից 15 րոպե անշտապ քայլեք մաքուր օդում։ Կարճ զբոսանքն էլ օգնում է վերականգնել էներգիան ու մաքրել միտքը բացասական հույզերից։ Թարմ օդն իսկապես հրաշքներ է գործում։ Լսեք նաև ձեր սիրելի երաժշտությունն ու մի քանի րոպեից կզգաք, թե ինչպես է դեպի լավը փոխվում տրամադրությունը։
Եվ վերջին խորհուրդը․ժպտացեք, եթե նույնիսկ պատճառ չկա ու համոզված եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ահա այսպիսի պարզ քայլեր, որոնք մեզ կօգնեն լավ տրամադրությամբ սկսել ու շարունակել օրը։





