Նկատե՞լ եք, թե որքան հաճախ ենք օգտագործում «բարի» բառը բոլորս։ Օրն սկսում ենք «բարի լույսով» և իրար բարի օր ենք մաղթում, հանդիպում ենք միմյանց, թե չէ, բարևում ենք, և «բարև» բառի հիմքն էլ «բարին» է։ Որքա՜ն կարևոր բառ է «բարին», որ առանց դրա չի սկսվում ո՛չ օր, ո՛չ ընկերություն, ո՛չ հանդիպում։
Բարու և բարության մասին օրացույցն էլ չի մոռացել և իր էջերից մեկը նվիրել է բարությանը․ նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է։
1998 թվականի այս օրը Տոկիոյում տեղի ունեցավ Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին տարբեր երկրներ, իսկ հետագայում միացան նորերը։ Իսկ այս օրվա խորհրդանիշ դարձավ բաց սրտի նկարը, որի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Օրելն է։
«Բարև» բառից մինչև բարի արարքներ ճանապարհը, ի՞նչ եք կարծում, շա՞տ երկար է, և իրականում ո՞րն է համարվում բարի արարք։
Իհարկե, կան բարի գործեր, որոնք մեծ ջանք ու էներգիա են պահանջում գործողից, բայց իրականում բարի է այն ամենը, ինչի շնորհիվ մեկ ուրիշն իրեն լավ ու երջանիկ է զգում, ժպիտ է հայտնվում դեմքին, ջերմությամբ է լցվում սիրտը։ Եվ, ուրեմն, մի քիչ բարություն նվիրենք այսօր բոլորին ու բարիով լցնենք մեր օրը։ Իսկ թե ինչպես, հարցնենք ինքներս մեզ ու մեր սրտին, որը, իհարկե, բարի է։





