Հրաշալի օր է այսօր․ հրաշալի ոչ միայն աշնանային իր գույներով, այլև իր խորհրդով․ այսօր աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը․․․Եթե ձեզ թվաց, որ մենք օրացույցի էջերն ենք շփոթել և չգիտենք, որ այսօր ոչ թե հունիսի 1–ն է, այլ նոյեմբերի 20–ը, սխալվում եք։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բոլոր երկրներին առաջարկեց հենց նոյեմբերի 20–ը սահմանել որպես Երեխաների համաշխարհային օր, և սա նույնը չէ, ինչ հունիսմեկյան տոնը, որը նշում ենք ամեն տարի «Երեխաների իրավունքների պաշտպանության օր» խորագրի ներքո։
Այս օրվա նպատակը աշխարհի բոլոր երեխաների միասնությունն ընդգծելը և երեխաների բարօրությանն ուղղված ամեն տեսակ նախաձեռնություններն ու գործունեությունը խրախուսելն է։ Ի դեպ, 1959 թվականի հենց նոյեմբերի 20–ին էլ ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականի նույն օրը՝ «Երեխաների իրավունքների կոնվենցիան»։
Մի խոսքով՝ այսօր աշխարհի շատ երկրներում երեխաներին ուղղված հետաքրքիր նախաձեռնությունների և բարեգործության օր է։ Բայց նաև՝ հենց երեխաների ուշագրավ նախաձեռնությունների օր է նոյեմբերի 20–ը, ու եթե մինչև այս պահը չէինք էլ մտածել, որ սա, ախր, յուրահատուկ օր է մեզ համար, հենց հիմա, հենց այս պահին կարող ենք գործի դնել մեր երևակայությունն ու մի լավ բան մտածել, որից ավելի պայծառ կդառնա աշնան այս չքնաղ օրը՝ նոյեմբերի 20–ը․․․
Կարծում ենք՝ չեք զարմանա, որ հենց այսօր է նշվում մեկ ուրիշ շատ կարևոր օր՝ Մանկաբույժների միջազգային օրը։ Մանկաբույժներն այն մարդիկ են, որոնք ապահովում են մեր՝ երեխաներիս առողջության պահպանման իրավունքը և մեր լույս աշխարհ գալուն պես մեր կողքին են իրենց գիտելիքով, հոգատարությամբ, ժպիտով, մասնագիտական հմտություններով։
Շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի մանկաբույժներ։ Առանց ձեզ որքան դժվար կլիներ մեր ու մեր ծնողների կյանքը․․․
Ձեզ գուցե մի քիչ զարմացնի, թե ինչու ենք օրացույցի այսօրվա էջից առանձնացրել այս նշումը, որը վերաբերում է 1820 թվականի նոյեմբերի 20–ին Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած մի դեպքի։ Այդ օրը դժբախտ պատահար տեղի ունեցավ ամերիկյան կետորսական «Էսսեքս» առագաստանավի հետ։ 238 տոննա ջրատարողությամբ նավը որսի էր դուրս եկել 1819 թվականին Մասաչուսեթս նահանգի նավահանգիստներից մեկից։ Մոտ մեկուկես տարվա ընթացքում նավի անձնակազմը կետորսությամբ էր զբաղված Խաղաղ օվկիանոսի հարավային ջրերում՝ սպանելով մեծ քանակով կետաձկներ։ Բայց մի հսկա սպիտակ կետաձուկ նավի այս գործունեության վերջակետը դրեց՝ մի քանի անգամ ասես դիտավորյալ խոյահարելով «Էսսեքսը»։
Վրե՞ժ էր, զայրու՞յթ էր, գիտակցված արա՞րք էր։ Ո՞վ իմանա։ Կետաձուկը հեռացավ, իսկ նավի 20 հոգանոց անձնակազմը երեք փոքրիկ նավակով հազիվ հասավ Հենդերսոն անմարդաբնակ կղզի։ Սովի ու ծարավի զոհ դարձավ համարյա ողջ անձնակազմը։ Միայն նավապետին և ևս մեկ նավաստու այս դեպքից 95 օր անց մեկ այլ կետորսական նավ կարողացավ փրկել։
Եթե կարդացել եք Հերման Մելվիլի՝ մարդու և ճերմակ կետաձկան պայքարի մասին պատմող հրաշալի վեպը՝ «Մոբի Դիքը», կարծում ենք, արդեն գլխի ընկաք, թե ինչու էր օրացույցի այս նշումը մեր ուշադրությունը գրավել, իսկ եթե դեռ չեք կարդացել, կարդացեք անպայման՝ արդեն իսկ տեղյակ լինելով, որ վեպի հիմքում իրական պատմություն է ընկած։





