Մեր հյուրերը «Բունիկ» կրթամշակութային կենտրոնի հիմնադիրներ լրագրող Արփի Սուքիասյանը և մշակութաբան Վարդուհի Գրիգորյանն են։ Եթե սովորաբար ձեր առավոտները Զարթուցիչի հետ եք սկսում, կհիշեք երևի, որ Արփին և Վարդուհին օրերս էլ մեր հյուրերն էին․ եկել էին պատմելու հոկտեմբեր ամսին «Բունիկի» նախաձեռնած «Ուխտն ի Մաշտոց» ուխտագնացության մասին, որի նպատակը Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղ, ապա նաև հնագույն Եդեսիա, Ամիդ և Սամոսատ քաղաքներ հասնելն էր։ Կարելի է ասել՝ Ուխտագնացություն Մաշտոցի հետքերով․․․
Նախորդ հանդիպման ժամանակ մեր հյուրերի օգնությամբ հայտնվեցինք Հացեկացում, գյուղի սկզբում կանգնած բարդիները տեսանք, Արփիի և Վարդուհու աչքերով տեսանք Մշո ընդարձակ դաշտը, հետո եղանք Բալուի քարանձավում, որտեղ էլ, ինչպես ասում է ավանդազրույցը, Աստվածային աջը Մեծն Մաշտոցի համար հայոց տառերն է գրել, իմացանք Հացեկացից բերված հողի ու ցորենի մասին և որոշեցինք, որ հանդիպելու ենք ևս մեկ անգամ՝ արդեն Եդեսիա, Սամոսատ և Ամիդ ուղևորության մասին լսելու։
Այսօր հենց այդ օրն է՝ մեր հյուրերի հետ նոր ճանապարհներ անցնելու օրը․․․





