Նկատե՞լ եք, որ ձմռան առաջին ամիսը, շատերս ավելի ուրախ, նոր սպասումներով ու հույսերով ենք դիմավորում։ Զարդարված քաղաքն ու բակերը, տոնական լույսերն ու հնչյունները մեր ուղեղին ջերմ ազդակներ են փոխանցում․․․մոտավորապես այսպիսի՝ «աշխատանքն ավարտվել է և ժամանակն է՝ հանգստանալու»։
Շուտով կսկսվեն ձմեռային արձակուրդները և տոների սպասումը, արդեն իսկ ջերմ ընտանեկան պահեր ու հիշողություններ են արթնացնում։ Ու հիշելով այդ ամենը՝ բարձրանում է մեր տրամադրությունը։
Երբևէ լսե՞լ եք «Holiday effect» արտահայտությունը, եթե ոչ ապա,ասենք, որ այն հաստատում է, որ տոնական օրերին մարդկանց տրամադրությունը, էներգիան և նույնիսկ վարքագիծը փոխվում են միանգամից։ Եվ այդ փոփոխությունը տեղի է ունենում լույսերի, երաժշտության, սովորույթների, նվերների և տոնական տրամադրության արդյունքում։
Էֆեկտն ի հայտ է գալիս մի քանի պատճառով։ Նախ՝ մեր ուղեղին միշտ էլ հաճելի է լսել Ամանորի հետ կապված ամեն ինչ, իսկ զարդարված քաղաքը և բազմագույն եղևնիները է՛լ ավելի են բարձրացնում մեր տրամադրությունը։
Պարզվել է, որ երեխաների, դպրոցականների շրջանում Holiday Effect-ն ավելի մեծ ազդեցություն ունի, քանի որ ձմռան առաջին իսկ օրերից սկսվում է արձակուրդային տրամադրությունը, մոտենում են տոնական միջոցառումները, դպրոցները նույնպես զարդարվում են, և բոլորս․․․ է՛լ ավելի ջերմ ու սիրալիր ենք դառնում։
Մի հետաքրքիր փաստ ևս։ Արդեն ասացինք, որ գիտականորեն ապացուցվել է, որ տոների մոտենալուն պես՝ մարդու տրամադրությունը, էներգիան և ընդհանուր ինքնազգացողությունը լավանում են։ Այլ կերպ ասած՝ այդ օրերին ուղեղն ինքն է որոշում մեզ ավելի երջանիկ դարձնել։ Հիմա միասին պարզենք, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է ձմռան գալուն հետ՝ սկսած առաջին օրվանից, ինչ- որ բան փոխվում մեր ներսում՝ դրական իմաստով։
Լույսերը, ասես, «լավ տրամադրությունը միացնելու կոճակ» լինեն։ Դրանք ուղեղին շատ արագ տոնական, տաք ու հանգիստ մթնոլորտի ազդանշան են տալիս։ Իսկ նկատե՞լ եք, որ երբ քաղաքը զարդարում են, մեծասակներն էլ՝ մեզ պես, իրենց ավելի թեթև ու անհոգ են զգում։
Փաստորեն այս ամենը պատահական չի լինում։ Մեր ուղեղը լույսերը կապում է անվտանգության, ջերմության ու տոնական հիշողությունների հետ։ Եվ երբ տեսնում ենք գույնզգույն տոնական գույներ, մեր մարմինը, ասես, սկսում է որսալ դրական ազդանշաններ։ Օրինակ, որ շուտով ավարտվելու են քննություններն ու տարին ամփոփող գրավորները, իսկ դա նշանակում է, որ տոնե՜րն են մոտենում։ Ու հենց այդ պահին մեր օրգանիզմում սկսում է արտադրվել դոպամինը, որ հայտնի է որպես՝ «լավ» տրամադրություն ապահովող քիմիական նյութ։
Եկեք խստովանենք, որ հենց լսում ենք հայտնի «Jingle Bells»-ը… վերջ, արդեն նոյեմբերն էլ է դառնում դեկտեմբեր։ Ի դեպ, մեծահասակներն էլ նույնպիսի զգացողություն են ունենում։ Այո, երաժշտությունը, կարծես, շատ արագ գործող ժամանակի մեքենա լինի։ Տոնական երգերը, սովորաբար, կրկնվող, պարզ ու ուրախ ռիթմ ունեն և շատ հեշտ են ընկալվում։ Եվ դա, փաստորեն, նույնպես կապվում է մանկության հաճելի ընտանեկան երեկոների, նվերներ տալու-ստանալու գեղեցիկ մշակույթի և ջերմ զգացողությունների հետ։
Տոնական բույրերը ևս հզոր գործիք են։ Չեք էլ պատկերացնի, թե որքան զգայուն է մեր հիշողությունը բույրերի հանդեպ։ Հենց տարբեր բույրերը՝ դարչինի, մանդարինի, թխվածքների, վառարանի․․․․ և նույնիսկ ձյան բույրին նմանվող սառը օդը մեզ մտովի տեղափոխում են հարազատ տուն՝ զարդարված լույսերով։ Այդ պահին հիշում ենք նաև համեղ ուտեստներով լի սեղանը, որի շուրջ հավաքվածներն ինչ-որ բան են պատմում ու ծիծաղում։ Բույրերը կապ ունեն մեր ուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է չափազանց ուժեղ զգացմունքների ժամանակ։
Այսպիսով, լույսերը մեզ հանգստացնում են, երաժշտությունը գեղեցիկ հիշողություններ է արթնացնում, իսկ բույրերը ամբողջությամբ «շրջում են» մեր հույզերը՝ ավելի դրական, վառ ու երջանիկ ուղղությամբ։ Եվ հենց դրա համար է, որ երբ գալիս է ձմեռը … մեր տրամադրությունը բարձրանում է։





