Զարթուցիչ

Ձմռանը՝ տանը…, ի՞նչ անել, երբ դրսում ցուրտ է. Զարթուցիչ

Նկատե՞լ եք՝ թեև ձմեռն ասոցացնում ենք Ամանորի, նվերների և ուրախ հավաքույթների հետ, բայց նաև տարվա այս շրջանում են լինում ամենամռայլ ու ցուրտ օրերը, որոնք ազդում են մեր ինքնազգացողության ու տրամադրության վրա։ 

Բայց, փորձը ցույց է տալիս, որ մեզ, նման օրերին, օգնության են հասնում առօրյա ամենապարզ սովորություններն ու զբաղմունքները, որոնք ոչ միայն դրական են ազդում մեր տրամադրության վրա, այլ նաև՝ ազատում են ձանձրույթից ու հագեցնում մեր օրերը։

Եվ այսպես, ինչո՞ւ ենք հատկապես ձմռանը ավելի հաճախ խոսում թեյի և տաք հեղուկների օգտակարության մասին։ Պարզվում է՝ թեյը մեզ ոչ միայն ջերմացնում  է, այլ նաև՝ բարձրացնում մեր տրամադրությունը։ Հենց այսօր էլ կարող ենք փոքրիկ ուսումնասիրություն կատարել՝ համոզվելու համար։ Ուղղակի մեզ անհրաժեշտ կլինի տաք թեյ կամ կակաո։ 

Դե, իսկ, նոր համեր զգալու համար կարող ենք փորձել նոր բաղադրատոմս։ Օրինակ, ըմպելիք՝ դարչինով, կոճապղպեղով և մի պտղունց կակաոյի փոշիով։ Զարմացա՞ք․․․ասում են շատ համեղ ըմպելիք է ստացվում այս համադրությունից։   

Մռայլ տրամադրությունը ցրելու համար օգտվենք մեկ այլ փորձված տարբերակից՝ գիրք կարդանք։ Ընթերցանությունը՝ հատկապես ցուրտ եղանակին, օգնում է կենտրոնանալ։ Վերցրեք տաք շոկոլադ, թեյ կամ կակաո  և, իհարկե, ձեր սիրելի գիրքն ու առանձնացեք ձեր տաքուկ անկյունում։ Հավատացեք, չեք էլ զգա, թե աստիճանաբար ինչպես են փոխվում ձմռան միապաղաղ պատկերները։

Մարզվելը կարևոր է տարվա ցանկացած եղանակին, ու ամենևին էլ պետք չէ բարդ վարժություններ կատարել։ Նույնիսկ տնային պայմաններում կարող ենք մարզվել․ թեթև ֆիզիկական վարժություններն արդեն իսկ տաքացնում են մեր մարմինը, առույգացնում ու  լավացնում ուղեղի աշխատանքը։

Տարվա այս եղանակին կարևոր է նաև նոր հոբբի գտնելը։ Երբ մենք որևէ բան առաջին անգամ ենք անում, մեր ուղեղն ակտիվանում ու ոգեշնչման նոր աղբյուրներ է փնտրում։ Օրինակ՝ փորձե՛ք շատ բարդ փազլներ հավաքել կամ որևէ հավաքածու ստեղծել․․․ անչափ հետաքրքիր է։
Դե․․․ խոսեցինք ընթերցանությունից ու նոր հոբբիներ գտնելուց, բայց չմոռանանք նաև սիրելի ֆիլմերի մասին, որոնք իսկապես հրաշալի օգնական են։ Ուրեմն կազմենք նաև սիրելի ֆիլմերի ցանկն ու ժամանակ առ ժամանակ, մեր օրն անցկացնենք սիրելի հերոսների հետ։  

Ցուցադրել ավելի
Back to top button