Զարթուցիչ

Այսօր Լեռների համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Այսօր դեկտեմբերի 11–ն է․ Լեռների համաշխարհային օրն է․ հիշեցնում է օրացույցը․․․Սա ՄԱԿ–ի սահմանած տոներից է, որի նպատակը մեր մոլորակի լեռնային շրջանների զարգացման և լեռնային բնակավայրերում ապրող մարդկանց խնդիրների վրա պետությունների, կառավարություների, հասարակության ուշադրությունը սևեռելը, լեռնային համակարգերի էկոլոգիայով զբաղվելը, լեռների ռեսուրսը ճիշտ օգտագործելն է։

Լեռները զբաղեցնում են Երկրագնդի ցամաքի ¼ մասը, յուրօրինակ կենդանատեսակների և բուսատեսակների օրրան են, Երկիր մոլորակի հսկա շատ գետերի ակունքը հենց լեռներում է։ Լեռները բնակավայր են մեր մոլորակի բնակչության մոտ 15 տոկոսի համար, կան պետություններ, որոնց մայրաքաղաքները բարձրադիր են, այսինքն՝ լեռներում են և դրանով պայմանավորված խնդիրներ ունեն։

Ժամանակակից աշխարհում, երբ էկոլոգիական խնդիրներն ամենուր են, թվում է, թե լեռները գոնե պիտի կարողանային ազատ մնալ մարդու անխնամ վերաբերմունքից։ Պարզվում է՝ չէ, մարդու ոտքն ամենուր էլ հասնում է, և անգամ Էվերեստի գագաթին միկրոպլաստիկից աղբ կարելի է տեսնել։ Գիտեք, իհարկե, որ Էվերեստն աշխարհի ամենաբարձր գագաթն է՝ 8848 մետր բարձրությամբ։ Պատկերացրի՞ք՝ պլաստիկ տարաներ՝ 8848 մետր բարձրության վրա։ «Կեցցե» մարդը, որը ոչ մի կերպ չի կարողանում գնահատել իրեն տրված չքնաղ աշխարհը․․․

Ինչևէ, Լեռների օրն է այսօր, և մենք սիրով ողջունում ենք հայոց չքնաղ լեռներին, որոնք հենց այս պահին ձմռան մրսած արևի մորեգույնով են պսակել իրենց ճակատները։ Իսկ Պարույր Սևակի «Հայոց լեռները» բանաստեղծությունը ոնց որ հենց այս առավոտի համար լինի․․․

«Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ՝ ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:

Զարթնել են շուտ,

Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել

Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել:

Եվ մի՛շտ այսպես

Ու ճիշտ այսպես.

Շուտ են զարթնել, ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Հետո՛ միայն բարև ասել,

Բարև լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,

Ինչքա՜ն արդյոք՝ ի՞նչ իմանաք,

Եղբայրները ծերանում են

Ու մի օր էլ շատ են քնում,

Շատ են քնում — ուշ վեր կենում

Եվ ի՜նչ… հանկարծ մոռանում են

Նախ և առաջ կապել գոտին.

Առանց գոտու ելնում ոտի,

«Բարի լույս» են իրար ասում,

Բայց… իրար ձայն է՜լ չեն լսում:

Եղբայրները քարանում են,

Դառնում լեռներ հազար ու բյուր,

Նրանց աչքի արցունքները՝

Հազար աղբյուր,

Նրանց մեջքի գոտիները՝

Դաշտ ծաղկաբույր…

…Ով ուզում է չքարանա,

Պիտի որ նա չմոռանա

Զարթնել շատ շուտ,

Ելնել ոտի,

Մեջքին կապել ամուր գոտի

Այնպե՛ս, որ նա շուտ չքանդվի,

Այսինքն՝ միշտ գոտեպնդվել

Ու եղբորը գոտեպնդել…»

Լսու՞մ եք՝ ինչ հրաշալի բանաձև է՝ զարթնել շատ շուտ, ելնել ոտի, մեջքին կապել ամուր գոտի և․․․գոտեպնդվել ու գոտեպնդել կողքինին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button