Այսօր մի հետաքրքիր տոն կա, որը հուշում է, որ բարձունքը միայն լեռներն ու գագաթները չեն, որոնց մենք սովոր ենք։ Իրականում բարձունք նվաճելու պես մի բան է, երբ օրինակ՝ այլևս շուտ արթնանալու համար զարթուցիչի կարիք չես ունենում։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Բարձունքներ նվաճելու օրն» է։
Այսպիսով, թեև դեկտեմբերի 16-ը Բարձունքներ նվաճելու օրն է, բայց դուք մի՛ շտապեք սա ուղիղ իմաստով հասկանալ։ Օրը նվիրված է ոչ միայն լեռնագնացներին, այլև բոլոր նրանց, ովքեր կյանքում դժվարություններ են հաղթահարել ու նվաճել իրենց բարձունքները։
Ստացվում է, որ այս տոնը բոլոր նրանց համար է, ովքեր երբեք չեն հրաժարվում նպատակներից, չեն հանձնվում ու վախենում, չեն բողոքում ու ծուլանում։ Փոխարենը՝ ձգտում են անընդհատ սովորել, աճել, զարգանալ, նոր հմտություններ ձեռք բերել և, իհարկե, հաղթել։
Ի դեպ, սա հրաշալի առիթ է՝ վերջապես ազատվելու գործերը հետաձգելու սովորությունից։ Հաստատ լսել եք ծանոթ ձայնը, որն ականջի տակ անընդհատ փսփսում է՝ «լա՜վ, թող մնա վաղվան»։ Մի՛ լսեք նրան։ Պարզապես հավաքեք ուժերն ու գործը հասցրեք ավարտին հենց այսօր՝ առանց «հետո»-ների։
Ասում են՝ սկզբում սա էքստրեմալ սպորտի սիրահարների տոնն էր, ովքեր նշում էին հերթական բարձունքի գրավումը։ Բայց ժամանակի ընթացքում օրվա իմաստը փոխվեց՝ դառնալով նպատակներին հասնելու յուրօրինակ խորհրդանիշ։
Այսօր «բարձունք» կարող է համարվել ցանկացած հաղթանակ՝ թեկուզ ամենափոքրը։ Օրինակ՝ սովորականից մեկ ժամ շուտ արթնանալը, վատ սովորություններից ազատվելը կամ, ասենք, դաս պատասխանելու վախը հաղթահարելը։ Բայց հիշենք, որ երազանքները ոտքեր չունեն, որ գան ու կատարվեն։ Մնում է՝ գործել։ Եվ երբեմն մեզ պակասում է հենց այդ վերջին վճռական քայլն ու հավատը, որ ամեն ինչ կստացվի։ Ուրեմն՝ զինվենք աշխատասիրությամբ ու համբերությամբ, և նոր բարձունքները չեն ուշանա:
Հիմա ժամանակն է միասին բացահայտելու այն գաղտնիքները, որոնք օգնում են հասնել նպատակներին ու իրականացնել երազանքները։ Կա մի շատ առողջ սովորություն, որը ձևավորելու դեպքում մեզ շատ հարցերում հաղթող կզգանք։ Խոսքը, իհարկե, «այսօրվա գործը վաղվան չթողնելու» մասին է։
Եթե ունեք նպատակ, անպայման գրի՛ առեք այն՝ նոթատետրում, օրագրում կամ հեռախոսի մեջ, ու սկսեք գործել։ Կարևոր է սկսել հենց հիմա՝ թեկուզ փոքր քայլերով։ Հիշե՛ք․ նպատակի մասին մտածելն ու այն գրի առնելն արդեն իսկ առաջին քայլերն են։ Երբ երազանքը բառերով է ձևակերպվում, ուղեղը սկսում է աշխատել դրա իրականացման ուղղությամբ։
Եվս մեկ կարևոր քայլ՝ ազատվե՛ք ձեզ խանգարող ամեն ինչից։ Ոգեշնչումն ու մոտիվացիան, իհարկե, շատ դռներ են բացում, բայց միայն կենտրոնացումն ու կարգապահությունն են մեզ հասցնում վերջնագծին։ Հավատացե՛ք, օրվա ընթացքում երկու կարևոր գործ ավարտելն ավելի արդյունավետ է, քան ուշադրությունը տասը մանրուքի վրա ցրելը ։ Իսկ ժամանակը ճիշտ կառավարելու համար՝ պարզապես հստակ ժամկետներ սահմանեք։
Որքան էլ չցանկանանք, բարձունքների ճանապարհին ձախողումներ միշտ էլ լինում են։ Բայց դրանք գործընթացի մի մասն են ու շատ կարևոր մասը՝ փորձ ձեռք բերելու համար։ Շատ կարևոր է նաև միջավայրը՝ աջակցող մարդիկ ու մթնոլորտը, որոնք օգնում են սովորել շարունակ․․․ ու զարգանալ։ Երբ կողքիդ հարազատ մարդիկ են, ճանապարհը դառնում է ոչ միայն հեշտ, այլ նաև՝ հաճելի ։
Խոսենք նաև սեփական ուժերին հավատալու մասին։ Պետք է հավատանք, որ կարող ենք նվաճել այդ բարձունքը, նույնիսկ եթե դեռ չգիտենք՝ ինչպե՛ս։ Ցանկացած մեծ պատմություն սկսվում է հենց այդ փոքր մտքից՝ «Գուցե ստացվի»։
Եվ վերջում՝ հիշենք, որ չի կարելի անտեսել նույնիսկ փոքր հաղթանակները։ Ամեն փոքր քայլ, ամեն փոքր արդյունք, որը սկզբում թվում է աննշան, իրականում մեզ ավելի է մոտեցնում մեր մեծ նպատակներին ու երազանքներին։
Իսկ հիմա եկեք լսենք մեր հասակակիցներին։ Պարզենք՝ ի՞նչ նպատակներ ու երազանքներ են նրանք արդեն իրականացրել, և ո՞ր բարձունքներն են դեռ առջևում։





