Առավոտները նորից սկսվում են զարթուցիչների ձայներով, իսկ դա նշանակում է, որ դպրոցական պայուսակները վերադառնում են իրենց տեղը, տետրերը նորից սեղանին են, իսկ «լավ էլի․․․հինգ րոպե էլ մամ» արտահայտությունը նորից դառնում է ամենատարածվածը։
Այսօր խոսելու ենք այն մասին, թե ի՞նչ է լինում, երբ տոնական դադարից հետո դպրոցական կյանքը վերսկսվում է, և ինչպե՞ս անցնել այս փուլը՝ հեշտ վերադառնալով հին առօրյային։
Նորից դասեր, ռեժիմ, առավոտյան շուտ արթնանալ, տնային աշխատանքներ։ Տոներից հետո առօրյային վերադառնալը միշտ էլ դժվար է լինում։ Մենք սովորում ենք ազատ կյանին՝ ուշ քնելուն, ավելի շատ հանգստանալուն։
Արձակուրդից հետո՝ այն էլ տոնական, ամեն ինչ փոխվում է․․․բայց մի շտապեք տխրել։ Լավ լուրն այն է, որ առօրյային վերադառնալը դժվար չի լինի, եթե մեր օրն անցկացնենք կազմակերպված ու արդյունավետ և, իհարկե, ժամանակ գտնենք նաև հանգստի ու ֆիզիկական ակտիվության համար։
Այսպիսով, մասնագիտական տերմինով ասած՝ տոների ժամանակ ուղեղն աշխատում «հանգստի ռեժիմում»։ Դպրոց վերադառնալիս պետք չէ միանգամից խիստ գրաֆիկ մտածել։ Եթե առաջին օրերին մի քիչ հոգնած ենք կամ դժվարանում ենք կենտրոնանալ, դա նորմալ է և չպետք է անմիջապես թևաթափ լինենք։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան ձևեր, որոնք կօգնեն ավելի արագ հարմարվել դպրոցական ռեժիմին և նվազեցնել տոնական դադարից հետո առաջացող ծուլությունը։
Սկսենք ամենակարևոր կետից ՝ երեկոյան ավելի շուտ քնելուց։ Իհարկե տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են ներկայացվում, բայց գրեթե բոլոր ուսումնասիրություններն էլ հաստատում են, որ քնի ռեժիմը պետք է տևի 7-ից 8 ժամ։
Հաջորդիվ՝ խոսենք դասերի մասին։ Համոզված ենք, որ շատերս ենք սիրում ամեն ինչ վերջին պահին թողնել։ Թվում է՝ միայն այն ժամանակ ես կարողանում կենտրոնանալ, երբ այլևս ժամանակ չի մնացել։ Իրականում դա պարզապես սովորություն է, որը պետք է հաղթահարել։
Ստացվում է՝ ավելի առողջ սովորություն է, եթե դասերը անենք ոչ թե վերջին պահին, այլ՝ մաս-մաս։ Սա կօգնի և՛ չհոգնել, և՛ հանգստի փոքրիկ դադարներ ունենալ և՛ ամեն ինչ ժամանակին և, նույնիսկ, ժամանակից էլ շուտ ավարտել։
Հիմա․․․ մի բան էլ հուշենք։ Ի՞նչ կասեք, եթե մի փոքր կողքից նայենք մեր հին առօրյային և եթե այն ձանձրալի է թվում՝ փոխենք նորով։ Օրինակ՝ կիսաքուն վիճակում դասի գնալու փոխարեն, ուղեղն ակտիվացնելու համար, ճանապարհին լսենք հետաքրքիր փոդքասթ կամ երաժշտություն։
Մեկ այլ տարբերակ՝ ամեն շաբաթվա համար մի նպատակ սահմանենք և մեկ շաբաթում փորձենք այն իրագործել։ Օրինակ՝ 1 շաբաթում կարդալ X գիրքը կամ ավելի շատ ուշադրություն և ակտիվություն ցույց տալ X առարկայի շրջանակում։
Վերջում խոսենք նաև հանգստի, ֆիզիկապես ակտիվ լինելու և տանից ու դպրոցից դուրս՝ ժամանակն անցկացնելու մասին։ Սա ևս կարևոր է, որ առօրյան հոգնացնող չլինի։ Օրինակ՝ կարող ենք պարզապես զբոսնել կամ կերակրել կենդանիներին՝ իհակե հետևելով անվտանգության կանոններին։ Կարող ենք այգի գնալ ու կերակրել թռչուններին, քանի որ նրանց համար կեր գտնելը, է՛լ ավելի դժվար է դառնում, երբ ձմեռ է։





