Զարթուցիչ

Ծանոթացե՛ք, Ալեքն է, որը չի վախենում դժվար խնդիրներից. Զարթուցիչ

Օրերս մեզ հյուր եկավ մի տղա, որը ցանկություն հայտնեց միանալ Ռադիո Արևիկի պատանի հաղորդավարների խմբին և դառնալ մեր գործընկերը։ Եվ քանի որ մենք սիրով ենք ընդունում բոլոր նորեկներին և մեր թիմին միանալու հնարավորություն էլ տալիս ենք բոլորին, ովքեր սիրում են ռադիոն և ուզում են համագործակցել մեզ հետ, սիրով նրան հրավիրեցինք խոսափողի մոտ՝ ներկայանալու․․․

Դուք էլ ծանոթացեք Ալեքի հետ, և երբ առաջիկայում լսեք նրա ձայնը մեր հաղորդումներում, կասեք՝ հա՜, Ալեքն է, որը չի վախենում դժվար խնդիրներից․․․

Երբ որևէ հարց եք ունենում ինչ–ինչ իրադարձությունների, մարդկանց, երևույթների մասին, ինչ-որ տեղեկություն իմանալու կամ ճշտելու կարիք ունեք, ի՞նչն է գալիս ձեզ օգնության․ վստահ ենք, որ գերակշռող պատասխանը լինելու է՝ Վիքիպեդիան․․․

Այսօր՝ հունվարի 15–ին, նշվում է  Վիքիպեդիայի ծննդյան օրը։

Իր անունը Վիքիպեդիան ստացել է այն իրականացնելու համար գործածվող «վիքի» ծրագրային ձևաչափի անունից։ «Վիքի» բառը հավայերեն է և նշանակում է արագ, իսկ «պեդիան» հունարեն էնցիկլոպեդիա` հանրագիտարան բառի մասն է։

2001 թվականի հունվարի 15–ին այս ազատ առցանց հանրագիտարանը գործարկվեց։ Բայց Վիքիպեդիան հենց այնպես մեկ օրում չստեղծվեց․ դրա գործարկմանը նախորդել էր որոշակի ընթացք, և ազատ հանրագիտարանի այս տարբերակի նախահիմք է համարվում  Նուպեդիան՝ անգլերենով հանրագիտարանի նախագիծը, որի հոդվածները գրում էին բացառապես գիտնականները։ 

Նախագծի հիմնադիրներ Լարի Սանգերը և Ջիմի Ուելսը հանրագիտարանն արագ հարստացնելու, հոդվածներով արագ համալրելու և այն զարգացնելու համար 2001 թվականի հունվարի 15–ին բացեցին «Վիքիպեդիա» կայքը՝ հնարավորություն տալով այդ հարթակում հոդված ավելացնել ցանկացած մարդու աշխարհի ցանկացած կետից։ Այդ օրվանից սկսած հանրագիտարանի համալրման և խմբագրման գործին կարող է մասնակցել համացանցի յուրաքանչյուր օգտատեր։

Որևէ սխալի կամ տեղեկության անլիարժեքության հայտնաբերման դեպքում կարելի է, սեղմելով «խմբագրել» կոճակը, ուղղել սխալը, ավելացնել նոր տեղեկություն կամ, գրելով նոր հոդված, այն ներմուծել կայք։ Յուրաքանչյուր մարդու գիտելիք  դառնում է բոլորի սեփականությունը։

Տեղեկատվության ծավալով և թեմատիկ ընդգրկումով Վիքիպեդիան համարվում է մարդկության պատմության մեջ երբևէ ստեղծված հանրագիտարաններից ամենալիարժեքը։ Այս հանրագիտարանն աշխարհի ամենաշատ այցելվող ինտերնետ ռեսուրսների տասնյակում է։

Վիքիպեդիան, իհարկե, ամենաշատ օգտագործվող տեղեկատվական հարթակն է, բայց հատկապես ա՛յս հանրագիտարանի համար ճիշտ է կիրառել «վստահիր, բայց ստուգիր» կարգախոսը՝ ելնելով այն բանից, որ այստեղ միլիոնավոր մարդկանց գիտելիք և տեղեկատվություն է խաչվում, և երբեմն կարող են անճշտություններ հանդիպել։ 

Վիքիպեդիայից օգտվողները պետք է անպայման ուշադրություն դարձնեն հոդվածներում հանդիպող նշումներին, օրինակ՝ «սկզբնաղբյուրը բացակայում է» կամ «այս պնդումը կասկածելի է»։ Այսպիսի դեպքերում պետք է ուշադրություն դարձնել քննարկումների բաժնին, որտեղ կարող է լինել ճշգրտում, իսկ եթե վստահելի չի թվում տեղեկությունը, ապա անպայման այն ստուգել այլ աղբյուրների օգնությամբ։

Նորագույն տեխնոլոգիաների զարգացման և արհեստական բանականության վստահ ընթացքի մեր օրերում տեղեկատվություն ստանալու հնարավորությունները , իհարկե, օրեցօր մեծանում են, բայց Վիքիպեդիան դեռ երկար կլինի մեր կարևոր օգնականն այս գործում։

Ցուցադրել ավելի
Back to top button