
Ուշադրությու՛ն․ «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունվարի 22-ը։
«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթին կարող են մասնակցել պատանի երաժիշտ-կատարողները ցանկացած գործիքով` ազգային երաժշտական գործիքներից մինչև դասական գործիքներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել 1tv.am կայք և լրացնել հայտը՝ կենդանի կատարմամբ ներկայացնելով 1 ստեղծագործության վիդեո տարբերակ՝ YouTube-ի փակ հղումով։
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար, կանցկացվի Հայաստանում։
Հայաստանը մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

