Էլենան և Ռուբինան մեր նոր գործընկերներն են, և սա էլ եթերում հաղորդում վարելու նրանց առաջին փորձն է։ Կարծում ենք՝ արժե նախ ծանոթանալ մեր թիմի նոր անդամների հետ…
Հունվարի 22–ը հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է․․․այստեղ՝ մեկ ակնթարթ դադար ենք տալիս և այս նույն նախադասությունը դարձնում հարցական՝ հունվարի 22–ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օ՞րն է․․․Բանն այն է, որ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, ըստ որոշ աղբյուրների, հունվարի 21–ն է, այլ աղբյուրներ նշում են հունվարի 22–ը։ Ո՞րն է այս տարբերությոն պատճառը։ Սա իր նախապատմությունն ունի։
Իրականում Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին, և ծնունդից հետո երեք տարի շարունակ Բաբաջանյանների ընտանիքում փոքրիկ Առնոյի լույս աշխարհ գալու ուրախությունը հենց այդ օրն էլ նշվել է: Բայց երբ 1924 թվականի հունվարի 21-ին մահացավ պրոլետարիատի առաջնորդ Լենինը, կոմպոզիտորի հայրը՝ Հարություն Բաբաջանյանը, որոշեց, որ պետք է տղայի ծննդյան վկայականում փոքրիկ շտկում մտցնել՝ հունվարի 21-ը փոխարինել հունվարի 22-ով, որպեսզի որդու ծննդյան ուրախությունը որևէ կերպ չխաթարվի այսպես կոչված «մեծ առաջնորդի» մահվան օրվա մասին հիշողությամբ: Այդպես հունվարի 21-ը դարձավ հունվարի 22։
Հունվարի 22–ը 19-րդ դարի Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի՝ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի ծննդյան օրն է։ Բայրոնին են պատկանում հետևյալ հայտնի տողերը, որոնք ծանոթ են շատերիս․ «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ, թե ինչպես և ինչ լեզվով են խոսել աստվածները, որովհետև հայերենը աստվածային լեզու է, և Հայաստանն էլ աստվածների հայրենիքն է, և աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտավայրից են»։
Եթե չգիտեիք, միայն այս փոքրիկ մեջբերումից արդեն հասկացաք, որ Բայրոնը սովորել է հայերեն։ Իսկ թե ինչու և ինչպես, կարող եք պարզել ինքներդ։ Բայց մի փոքրիկ հուշում կարող ենք անել։ Բայրոնի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրողները առանձնացնում են 1816 թվականը, երբ բանաստեղծն ուղևորվեց Վենետիկ, որտեղ եղած ժամանակահատվածում էլ ծանոթացավ Մխիթարյան միաբանության անդամների հետ։ Սուրբ Ղազար կղզին և միաբանության հոգևոր հայրերն անջնջելի տպավորություն գործեցին Բայրոնի վրա։ Այստեղ էլ նա սկսեց ուսումնասիրել գրաբարը, սովորել հայերենն ու հայոց պատմությունը։
Ի դեպ, Սուրբ Ղազար կղզի բանաստեղծի այս ուղևորության փաստն է հավերժացրել Հովհաննես Այվազովսկին իր 1899 թվականին ստեղծած «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավում։ Սա՝ փոքրիկ հուշումը, իսկ ավելին, ինչպես ասացինք արդեն, կարող եք փնտրել ու գտնել ինքներդ։
Իսկ մենք մեկ անգամ էլ աչքի պոչով կնայենք օրացույցին ու կպարզենք, որ այսօրվա էջից ևս մեկ նշում ենք առանձնացրել․ պայթող եգիպտացորենի, նույն ինքը՝ ձեր սիրելի փոփկորնի ծննդյան օրն է այսօր։
Այն, որ եգիպտացորենի որոշ տեսակների հատիկների՝ բարձր ջերմաստիճանի տակ ճարճատյունով բացվելու հատկությունը մարդուն անհիշելի ժամանակներից է հայտնի, քննարկման ենթակա չէ, և ասել, թե հենց այս մարդը հենց այս թվականին հայտնաբերեց փոփկորնը, իհարկե, ճիշտ չէ։ Բայց կա մեկ իրադարձություն, որը ստույգ թվագրված է․ 1630 թվականի հենց հունվարի 22–ին անգլիացի գաղութարարները Հարավային Ամերիկայում հնդկացի առաջնորդ Քվոդեկուայնայից նվեր ստացան մեկ պարկ փոփկորն:
Դրանից միայն երկուսուկես դար անց ամերիկացի Չարլի Քրիթորզը ստեղծեց շոգեշարժիչով աշխատող «Փոփփեր» սարքը, որը փոփկորն էր պատրաստում։ Ի դեպ, ոչ թե մայրիկը կամ տատիկը, այլ հենց դուք՝ ինքներդ, երբևէ փոփկորն պատրաստե՞լ եք։ Եգիպտացորենի բացվող հատիկների ուրախ ճտճտոցով և անուշ բույրով ուղեկցվող շատ հավես գործ է։





