Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն աշակերտները, որոնք իրենց դպրոցական առօրյան լավ են կազմակերպում, իրենց ավելի երջանիկ են զգում և ավելի լավ են սովորում։ Ստացվում է՝ երբ մեր տրամադրությունը դպրոցում բարձր է, վերաբերմունքն էլ դպրոցի նկատմամբ դրական է․․․և, ուրեմն, մեր հաջողությունը կրթական մասով ապահովված է։
Ներկայացնում ենք այն 5 քայլերը, որոնք առանձնացրել ենք, և որոնք կօգնեն մեզ դպրոցական կյանքն ու առօրյան դարձնել է՛լ ավելի հետաքրքիր, աշխույժ ու արդյունավետ:
Ինչպես սովորական առօրյան, այնպես էլ դպրոցական կյանքը սկսվում է առավոտից։ Այն օրվա հիմքն է, դա է պատճառը, որ հաճախ ենք լսում «առանց նախաճաշելու տանից դուրս չգաս»: Թեթև նախաճաշ, դպրոցի ճանապարհին հաճելի երաժշտություն և օրվա լավ սկիզբն ապահովված է: Անցնենք 2-րդ քայլին:
Երբևէ մտածե՞լ եք ամեն շաբաթվա համար դպրոցում ընտրել առնվազն մեկ բան, որը հաճելի է: Փորձել մտերմանալ այլ աշակերտների հետ, որոնց հետ նախկինում շփում չենք ունեցել կամ է՛լ ավելի լավ հարաբերություններ կառուցել ուսուցիչների հետ: Երբ գիտենք, որ դպրոցում, դասերին զուգահեռ, այլ գործ էլ ունենք, ապա՝ օրն ավելի հագեցած ու հետաքրքիր է անցնում:
Հաջորդը քայլը․․․մենք առանձնացրել ենք մի առաջադրանք, որը կոչվում է «Առնվազն 5 րոպե»: Սա նշանակում է, որ ամեն դասաժամին, առնվազն 5 րոպե պետք է շատ ակտիվ հարցեր տանք և ամբողջությամբ ներգրավվենք թեմայի շուրջ ընթացող քննարկումներին: Մի հարց, մի պատասխան, մի կարծիք, և դասը դառնում է ավելի հետաքրքիր, հատկապես, երբ մենք թեմայի մեջ ենք ․․․․ , ոչ թե՝ պարզապես կողքից հետևող։ Շատերս գիտենք, որ կողքից հետևելը հաճախ շատ ձանձրանալի է:
4-րդ քայլը՝ փոքր նպատակների մասին է: Ամեն օրվա համար նախապես մտածում ենք որևէ նպատակ, որը կդառնա դպրոց գնալու, չուշանալու և ոչ մի դեպքում դասերը բաց չթողնելու շարժառիթ։ Օրինակ՝ այսօր դասին հարց եմ տալու․․․այսօր դասերս ժամանակին եմ անելու, որ ողջ օրը ընկերներիս հետ խաղամ և այսպես․․․այլ փոքրիկ պարգևներ:
Եվ վերջում ևս մի լայֆհաք: Առաջարկում ենք կենտրոնանալ ոչ միայն արդյունքի, այլ՝ հենց ընթացքի վրա: Գուցե չենք ստացել բոլոր բարձր գնահատականները, բայց հաստատ մեզ համար որևէ նոր բան ենք բացահայտել։ Եթե օրը իդեալական կամ մեր պլանավորածի պես չի անցնում, ապա, պարզապես, ինքներս մեզ պիտի հարցնենք . «Լավ, իսկ ես ի՞նչ սովորեցի այսօր»:
Դե․․․իսկ հիմա ժամանակն է լսելու մեր հասակակիցներին: Տեսնենք, թե նրանք ինչպես կարձագանքեն այս թեմային։





